Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսու վարորդներն ակցիա կանեն Հռոմի Պապի այցից հետո (տեսանյութ)

Հասարակություն
Taxsiner-nkar

Ավտովարորդների պաշտպանության լիգան բողոքում է տաքսի ծառայության շուկա մուտք գործող Yandex ընկերության դեմ։ Տեղի բոլոր տաքսիստների մեքենաները պարտադիր լիցենզավորում են անցնում, ինչն արտերկրյա ընկերության դեպքում չի գործելու։ Լիգան պահանջում է, որպեսզի Yandex-ի դիմաց նույնպես լիցենզավորման պահանջ դրվի։ Նրանք վստահ են, որ պետությունն իր շահն ունի այստեղ, եթե թույլ է տալիս օտարերկրյա ընկերության մտնելու այս դաշտ։ «Yandex-ին, եթե թույլ են տալիս մտնել Հայաստան, ուրեմն դրա դիմաց վերցված է կաշառք։ Մեր երկրում առանց դրա ոչինչ չի կատարվում»,-նշեց լիգայի անդամ Պողոս Օղլուկյանը։ Հարցին՝ ո՞վ է կաշառք վերցրել, նշեց. «Տրանսպորտի և կապի նախարարությունը»։ Նա շեշտեց, որ այժմ տաքսու վարորդներն այնքան էլ լավ չեն վաստակում, փոխարենը մի շարք վճարներ են կատարում։ «Մեկը մի օր ասաց՝ օրական 25.000 դրամով տաքսիստը տուն է գնում։ Չգիտեմ՝ որտեղի՞ց էր այդ երազանքը։ Ինձ թվում է՝ այդ դեպքում այսօրվա նախարարներն էլ տաքսի կքշեին»։ «gg-ն կլինի, Yandex-ը կլինի, հարգելի կառավարություն, նախ դուք կվճարեք մեր բոլոր վնասները, որ արել եք մեզ հետ։ Որքան փող ես հայթայթել Համաշխարհային բանկից՝ բուժզննումը, տեխզննումը հանելու, օրենք խախտելու համար»,-իր հերթին վրդովված նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Դառնալով արտերկրյա ընկերությանը, նա նշեց. «Մենք Yandex-ի մոնոպոլիզացիայի դեմ ենք վրդովված։ Ինքը կխաբի ժողովրդին, թե 200 դրամ է, հետո դարձնելու է 1000 դրամ։ Նա ցանկացել է gg-ն գնել, նրանք չեն տվել, հիմա վրեժ է լուծում՝ էժան գներով է շուկա մտնում»։ Ավտովարորդների պաշտպանության լիգայի ներկայացուցիչները՝ տաքսու վարորդների հետ միասին, պատրաստվում են Հռոմի պապի՝ մեր երկրում այցելության ավարտից հետո ակցիա իրականացնել հրապարակում։ Նրանք պատռելու են լիցենզիաները՝ ետ պահանջելով դրանց համար վերջին 10 ամսվա գումարը։