Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ով եմ, որ ինչ-որ բան բացառեմ». Շարմազանովը՝ Սեֆիլյանի ձերբակալության մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar-Eduard-Sharmazanov

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում գնահատականներ տալ երեկ  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության  վերաբերյալ, սակայն միևնույն ժամանակ չի  կիսում այն տեսակետները, թե  դա  քաղաքական հալածանք է : «Իրավապահ մարմինները տվել են ամբողջական ինֆորմացիան, քննչական գործողությունները շարունակվում են, հետաքննություն էլ դեռ չի ավարտվել, պարոն Սեֆիլյանն էլ ունի փաստաբան, ամեն ինչ կլինի հրապարակային: Սա այն հարցը չէ, որը ես պետք է մեկնաբանեմ՝ առավել ևս քաղաքական դրդապատճառներից ելնելով:  Իմ կարծիքը թողեք մնա ինձ, որովհետև ես այստեղ քաղաքական որևէ բան չեմ տեսնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով նաև, որ այդ խնդիրը իրավական տիրույթում է և դա բացառապես իրավական մարմինների մենաշնորհն է՝ զբաղվել այդ հարցով: «Պետք է մի բան հասկանանք, որ քաղաքական գործիչներն ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանեն: Սա իրավական խնդիր  է՝ ՀՀ Սահմանադրությամբ էլ դատական իշխանությունն  Օրենսդիր և Գործադիր մարմիններից անկախ է գործում, ուստի պետք է հնարավորության տանք, որ դատական իշխանությունն իրականացնի Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունները»,-նշեց  ԱԺ փոխնախագահը: Լրագրողների այն  պնդումներին, թե,  այդուհանդերձ, իշխանության հասցեին մեղադրանքներ են հնչում, որ սա հենց քաղաքական նպատակներով է  եղել, Շարմազանովը  պատասխանեց. «Ես բացառում եմ, որ ՀՀ-ում...., ոչ թե բացառում եմ, ես ով եմ, որ ինչ-որ բան բացառեմ կամ չբացառեմ,  ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ արտահայտում, որ Հայաստանում քաղաքական  հալածանքների ժամանակներն անցյալում են»: Անդրադառնալով  երեկ Սանկտ-Պետերբուրգում կայացած նախագահների  եռակողմ հանդիպմանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ դա կառուցողական և օգտակար հանդիպում էր: «Հայկական կողմն այդ հանդիպումից լուրջ, թռիչքային  առաջընթաց չէր սպասում, քանզի բոլորս էլ լսել էինք նախօրեին Իլհամ Ալիևի անհեթեթ  հայտարարությունները, որոնք ես նույնիսկ չեմ էլ ուզում իջնեմ իր մակարդակին ու մեկնաբանեմ դրանք: Մեր այսօրվա խնդիրն այլ է՝ ոչ թե առաջընթաց ապահովելն է, այլ  շփման գծում պատերազմի վերսկսման բացառումը: Գոնե այսօրվա վիճակով  Սանկտ-Պետերբուրգի հանդիպումն այդ խնդիրը լուծեց, ինչ կլինի առաջիկայում ՝ որևէ մեկը չի կարող ասել»,-նշեց Շարմազանովը: Վերջինս շեշտեց, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում երբեք  չի եղել ու չի էլ կարող լինել: Նա առաջնահերթ է համարում ԼՂՀ կարգավիճակի ամրագրումը, այլ ոչ թե տարածքների զիջման մասին խոսելը: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև ձեռքսեղմումն արդյո՞ք բանակցությունների վերսկսում էր նշանակում: Հարցին պարոն Շարմազանովը պատասխանեց. «Նայած թե ինչ ենք հասկանում բանակցություններ ասելով: Եթե խոսում ենք լայն առաջընթացի մասին, բնականաբար, լայն առաջընթաց չկա»: Շարմազանովն  ամփոփեց նաև ԱԺ-ի  այս նստաշրջանի աշխատանքները՝  առանձնացնելով  հատկապես  Ընտրական  օրենսգիրքը, որի շուրջ եղած  կոնսոլիդացիան՝   նրա  բնորոշմամբ՝  հայաստանյան պառլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ էր: