Աթեշյանին պատրաստվում են դիմավորել ձվերով ու լոլիկներով
«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնությունը նախատեսում էր օդանավակայանում նրան դիմավորել ձվերով ու լոլիկներով, սակայն Սբ Էջմիածնից հրաժարվել են ասել՝ նրա վայրէջքի ժամը: Նախաձեռնության անդամ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արամ Աթեշյանը պետք է հունիսի 22-ին ժամը 13:30 Ստամբուլից վայրէջք կատարեր Երեւան, սակայն երբ իմացել է իրենց նախաձեռնության եւ հասարակական ընդվզումների մասին, վախեցել. «Նա վախեցել է, որ «Զվարթնոց»-ում իրեն այդպես են դիմավորելու, գնացել է Մոսկվա ու հիմա գտնվում է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր՝ Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան մոտ: Արամ Աթեշյանը խնդրում է, որ վաղը Եզրասի հետ միասին գա Երեւան, սակայն Գարեգին 2-րդը, տեսնելով, որ մեծանում է բողոքի շարժումը, վախեցած է ու եղբորն ասել է՝ գործ չունես»: Ըստ Սարգիս Հացպանյանի՝ Արամ Աթեշյանը բիզնես ունի Մոսկվայում՝ խանութներ, դղյակ: Նրա խոսքերով՝ քանի որ Արամ Աթեշյանի վայրէջքի հստակ ժամը չգիտեն, իրենք չեն կարող հազարավոր մարդկանց տանել օդանավակայան ու այնտեղ վրանների մեջ ապրել՝ մինչեւ նրա ժամանումը. «Սակայն, եթե մենք չստանանք կոնկրետ տեղեկատվություն, եթե Էջմիածինը թաքցնի նրա՝ Երեւան վայրէջքի ժամը, ուրեմն օդանավակայանում մեր նախատեսածը ստիպված կլինենք տեղափոխել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»: Պարոն Հացպանյանը տեղեկացրեց, որ վաղը բողոքի ակցիա է նախատեսված նաեւ Ստամբուլում: