«Հռոմի պապի այցը եվրոպական երկրների արթնացման նշան է» (տեսանյութ)
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը մեր երկիր պատահական չէ։ Եթե ուշադիր վերլուծենք նրա ուղերձները, կհասկանանք, որ չափազանց կարևոր խոսքեր է նա հնչեցրել։ Նա կաթոլիկ եկեղեցու հեռահար գործողությունների, լավ հաշվարկված քաղաքականության կրող է»,- այսօր հայտարարեց աստվածաբան Վարդան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ բացառիկ վերաբերմունք է հայ ժողովրդի և պետության հանդեպ Հռոմի պապի այցը. «Նա գալիս է ուխտագնացության։ Ֆրանցիսկոս 1-ինը՝ ամենահայտնի պապերից մեկը, գալիս է մեր երկիր։ Բայց նշեմ, որ ամենապոպուլյարը Հովհան Պողոս 2-րդն էր։ Հռոմի պապը գալիս է ոչ թե կովկասյան երկիր, ինչպես մենք հաճախ նշում ենք, այլ մերձավորարևելյան խոշորագույն դերակատարություն ունեցող ժողովրդի մոտ»։ Աստվածաբանը հիշեցնում է պապի նախորդ ուղերձը. «Նա նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը միայն հայերի դեմ չի եղել։ Բայց ի փառս հայերի՝ նա համարում է, որ ասորիներից, հույներից, քրդերի հետագա ոչնչացումից հայերի դեպքում դա տարբերվում է նրանով, որ հայ ժողովուրդը կարողացել է խնդիրը բարձրացնել աշխարհով։ Հռոմի պապը համարում է, որ այստեղ ունի սատարման մեծ, զորեղ սյուն։ Այդ դերակատարությունը օրգանական կարող է լինել մեզ համար և պետք է դա չշրջանցենք և պատկերացնենք քաղաքական հաջորդական քայլերը, որ մենք ևս պաշտպանվածության որոշակի աստիճան ձեռք բերենք։ Այս հարցերում նրա այցը եվրոպական երկրների արթնացման նշան է» ։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստան կայցելի հունիսի 24-ին։