Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լկտի պատասխան՝ փախստականի համար բյուջեում փող չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
paxstakan

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Վերջին 10 տարում նրանց թիվն աշխարհում եռապատկվել է՝ հասնելով 60 միլիոնի։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանում փախստականների հետ կապված թյուրըմբռնում կա. «Երբ ասում ես փախստական, մարդիկ չեն պատկերացնում, որ խոսքը ադրբեջանահայության մասին է, այլ կարծում են, թե սիրիահայերի: Մինչդեռ տարիներ շարունակ Ադրբեջանից հայ փախստականների հարցը մնում է չլուծված: Մեր իշխանությունների խայտառակությունն է, որ այսքան տարի անց մենք ունենք փախստականներ եւ որ նրանցից շատերի բնակարանային հարցը դեռ լուծված չէ»,-նշեց տիկին Ալավերդյանը՝ հավելելով, որ հաճախ ամաչում է գնալ փախստականների կացարան. «Նրանց վիճակը կարծես քիչ էր, դեռ այդ հանրակացարանի դիմաց հոգեբուժարան են տեղակայել»,-ասաց նա: Լարիսա Ալավերդյանը հիշում է՝ 2007 թվականից ի վեր, երբ դեռ պատգամավոր էր, բարձրացնում է փախստականներին բնակարան տալու հարցը եւ միշտ միեւնույն պատասխանը ստանում. «Լկտի պատասխան են տալիս՝ բյուջեում փող չկա: Ոչ թե փող չկա, այլ խիղճ չունեն»,-ասաց նա՝  հավելելով, որ միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանից ամեն տարի անօրինական ճանապարհներով 1 միլիարդ դոլար է արտահանվում. այդ գումարով վաղուց լուծված կլիներ փախստականների հարցը: Ասուլիսին ներկա՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն էլ հավելեց, որ ՀՀ իշխանությունները մարդկային վերաբերմունք ցույց չեն տալիս փախստականներին. «Ոչ երեք նախագահները, ոչ արտգործնախարարները, ոչ ԱԺ պատգամավորները որեւէ ձեւով մեր հարցին չանդրադարձան»,-նշեց նա՝  այսօր կայանալիք՝ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպումը որակելով որպես դավաճանական քայլ. «Մեր երկրի նախագահը հերթական անգամ գնալու է մի միջոցառման, որի հիմքում դրված է օկուպացված տարածք հասկացությունը, որտեղ  չկա հայ փախստական հասկացությունը: Գնալով այդ հանդիպմանը՝ մեր նախագահը  պնդում է, որ չկա 600 հազար հայ փախստական»,-եզրափակեց նա: