Վկայականներ՝ Սրբոց նահատակաց ամենօրյա վարժարանի շրջանավարտներին
Հունիսի 17-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ամենօրյա վարժարանում տեղի ունեցավ 34-րդ շրջանավարտական հանդեսը , որտեղ ավարտական վկայականներ ստացան Կերի Պարոնը, Դավիթ Հովհաննիսյանը, Անահիտ Ինջիգուլյանը, Շանթ Ինճոյանը, Մարիա Փափազյանը, Լևոն Ռակուբյանը և Պրիաննա Թահմիսյանը ։
<Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ամենօրյա Վարժարանի կրթական օջախը ծանոթ է համայնքիս իր աշակերտության հանդեպ տածած բացառիկ հոգատարությամբ և հայկական ու ամերիկյան զուգահեռ ընթացող կրթական ծրագրի ուսուցմամբ։ Հայ մանուկներուն դողդոջ քայլերով մուտքը այս վարժարանեն ներս կը պատրաստե զիրենք բարձրագույն կրթական հաստատություններու մեջ պատվաբեր դիրքեր ստանձնելու մեր հայրենիքեն ներս ։ Այստեղ է, որ իրենց մեջ կսերմանվի գիտության հանդեպ սերը․ ինքնաճանաչման և բարոյական արժեքներու գիտակցությունն ու անոնց իրացումը կսկսե այս գեղեցիկ միջավայրեն ներս ու կը կոչուի ՍՆԱՎ ։ Այստեղ է, որ աշակերտները իրեց ուսուցիչներուն հոգատար հսկողության կլանված աշխատանքով կառաջնորդուին դիմագրավելու ապագան>, – հադիսության բացմանը ասաց վարժարանի տնօրեն, հայ համայնքի ճանաչված մանկավարժ Զարմինե Պողոսյանը։
Հայտագիրը բաղկացած էր անգլերեն և հայերեն բաժիններից, որը նվիրված էր ամերիկահայ անվանի գրող Արամ Հայկազին և հանրահայտ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին։ Հանդեսին մասնակցեց նաև դաշնակահար Աշոտ Սողոմանյանը, որի կատարմամբ հնչեց Բաբաջանյանի ‹‹Երևանի սիրուն աղջիկ›› հանրահայտ ստեղծագործոթյունը ։ Աշակերտների կատարմամբ հնչեցին նաև հայրենասիրական երգեր՝ խմբավար Անահիտ Պողոսյան, դաշնակահարուհի՝ Նվարդ Ծ․Տատուրյան։
Ավարտական դասարանի աշակերտներին շնորհավորեց և ապագա հաջողություններ ցանկացավ ՍՆԱՎ-ի 2001թ․շրջանավարտ Շանթ Ոսկերչյանը, որն այժմ աշխատում է, որպես փաստաբան։ Հանդիսության պատվավոր հյուրն էր ամերիկահայ անվանի գրող Արամ Հայկազի դուստրը՝ Այրիս Չեքենյանը , որն անգլերեն թարգմանել է իր հոր գրքերից ‹‹Չորս տարի Քյուրդիստանի լեռներուն մեջ›› հատորը, և այն նվիրեց Շանթ Ոսկերչյանին։
<Սրբոց Նահատակաց Ամենօրյա Վարժարանի տարիներս եղած են ուսումի կարևոր տարիներ։ Մեծ հաճույքով սորված եմ հայերեն լեզուն, Հայոց պատմությունը և ընդհանուր գիտելիքները։ Այս դպրոցը մեծ իմաստ ունեցած է ինծի համար, որովհետև հոս անցուցած եմ ուրախ և անմոռանալի օրեր՝ ընկերներուս և ուսուցչուհիներուս հետ։ Ահավասիկ ինը տարիներ անցած են, և այսօր պիտի ավարտեմ մեծ վստահությամբ շնորհիվ մեր սիրելի ուսուցչուհիներուն և տնօրենուհիին։ Շնորհակալություն Ձեր հոգատարության ու համբերության, շնորհակալություն նաև ծնողքիս, որ քաջալերած են զիս, որ այս դպրոցը հաճախեմ, միշտ հայերեն խոսիմ ու հայ լեզուն չմոռնամ>, — ասաց շրջանավարտ Շանթ Ինճոյանը։
Իր սրտի խոսքն ասաց նաև զանազան հոդվածների հեղինակ, ‹‹Հայրական խոսքեր կամ տասնաբանեա պատվիրաններ›› հատորի հեղինակ Հակոբ Տերյանը, որն Ալբանիայեն հատուկ ժամանած էր հանդեսին ներկա լինելու և իր գրքի մեկական օրինակ նվիրեց շրջանավարտներին և դպրոցի գրադարանին ։ Երեկոյի վերջում, շրջանավարտներին և մանկավարժական կոլեկտիվին շնորհավորեց Սրբոց Նահատակաց Հայաստանյաց եկեղեցու աղոթարար՝ Տ․Աբրահամ քահանա Մալխասյանը, որը մասնավորապես ասաց.
< Մեր համայնքի համար այս տարին կը հռչակենք իբրև ‹‹Նուռի Տարի››, որը կխորհրդանշե առատություն և արգասաբերություն։ Իսկ նուռին սերմերը մենք ենք և մանավանդ մեր դպրոցին աշակետները, որ պիտի շատանան ու զորանան Հայ Կրոնքով և Հայ Խոսքով։ Հույս ունիմ, որ եթե գուրգուրանք ու սնուցանենք մեր Ապագային բազմաթիվ սերմերը, ապա մեր համայնքը պիտի ծաղկի նոր ընտանիքներով, յառաջացած հոգևորականությամբ, ընկերակցությամբ ու անխաթար սիրով ։ Կաղոթենք առ Աստծոն, որ ան պահե և պահպանե Սրբոց Նահատակաց ամենօրյա Վարժարանը իր պաշտոններով և աշակերտներով՝ պարգևելով հաջողություն և արևշատություն> ։
Ավարտական հանդեսի պատվավոր հյուրն էր նաև Նյու Նորքի Սբ․Լուսավորիչ մայր եկեղեցվո արժանապատիվ աղոթարար Տ․Մեսրոպ Քհնյ․Լագիսյանը , բարերար ընտանիքներեն՝ տ․Վերջինիա Տատուրյանը, Վերջինիա Հեքիմյանը, Գարմեն Կիյուլպենկյանը և մի շարք նյույորքահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ ։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔ
Լուսանկարները՝ հեղինակի