Ինչ-որ բան այնպես չի կատարվում. համայնքների խոշորացումը դեռ կարելի է փրկել
ԱԺ վերջին արտահերթ նիստում քվեարկությամբ վավերացվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ՝ համայնքների խոշորացում է նախատեսված Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի թվով 118 համայնքներում, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք, միայն 50-60 համայնք չի մտնի խոշորացման տակ; Այսուամենայնիվ, ըստ Համայնքների ֆինանսիստների միության փոխնախագահ, «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի տնօրեն Դավիթ Թումանյանի՝ նույնիսկ այս պահին հնարավոր է ինչ-որ բան փոխել; «Տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքի նոր մարտահրավերները» թեմայով քննարկմանը, որ կազմակերպել է Երևանի մամուլի ակումբը, Դավիթ Թումանյանը խոստովանում է՝ ժամանակին հենց իրենց՝ Համայնքների ֆինանսիստների միությունն է նախաձեռնել համայնքների խոշորացումը, բայց այժմ զգում են, որ ինչ-որ բան այնպես չի կատարվում; Համայնքների խոշորացման արդյունքում, ըստ բանախոսի, ստացվում է, որ փնջերը մեծ են, և հաշվի չեն առնվում համայնքների ձևավորման հայեցակարգի դրույթները, չափորոշիչներն անտեսվում են: Առաջիկայում, հնարավոր է, միությունն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես գա: Օրինակ, ինչպես է Կարմրաշենը միացել Ջերմուկին, երբ առաջին կետից երկրորդը հասնելու համար հարկավոր է 18-25 կմ իջնել մինչեւ Վայք, այնտեղից էլ մեկ այլ ճանապարհով բարձրանալ 30 կմ՝ մինչեւ Ջերմուկ, այսինքն՝ շուրջ 50 կմ պետք է անցնել: Այսօր, թեւ հանրաքվեի արդյունքում 22 համայնքից ինչ-ինչ պատճառներով միայն հինգն է դեմ եղել խոշորացմանը, սակայն, ըստ Թումանյանի, մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած՝ հաշվի առնելով նաև ժողովրդագրական բարդ իրավիճակը: «Այսօր համայնքի վերացման վախ կա, սա ռիսկ է: Խոշորացման գործընթացի ռիսկերից մեկը փոքր համայնքների վերացումն է: Բացի այդ, համայնքը ոչ մի փոփոխություն իր կյանքում չի զգում, բացի որոշ կազմակերպությունների ներդրումային ծրագրերից» : Հենց այս վտանգների մասին էին վերջին մեկ շաբաթում բարձրաձայնում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը՝ գործընթացը համարելով վտանգավոր: Ի դեպ, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն են ամբողջությամբ կողմ այս ծրագրին; Առաջինը՝ նախկին շրջանների մակարդակով խոշորացում է պատկերացնում՝ Վրաստանի օրինակով, ՀՀԿ-ն՝ փնջային ուժեղացմանն է կողմ: Դավիթ Թումանյանը բերում է մի ոչ նպատակահարմար խոշորացման օրինակ: Նոյեմբերյանի տարծաշրջանում երեք փունջ է նախատեսված, դրանցից է Կողբի միացումը Բերդավանին, որտեղ միջհամայնքային համագործակցության խնդիր կա, միացումն անհասկանալի է, դա օբյեկտիվ պատճառ չէ, ինչի դեմ էլ հանդես եկան նաև որոշ պատգամավորներ; Մասնավորապես Էդմոն Մարուքյանը նամակով դիմեց կառավարությանը՝ Բերդավան համայնքի թվով 200-ից ավելի բնակիչների դիմումի հիման վրա: «Համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է, որ Բերդավան համայնքը միանալու է Կողբ համայնքին: Նշված քայլին բերդավանցիները կտրականապես դեմ են, քանի որ նրանք առավել սերտ կապված են Նոյեմբերյանի հետ: Վարչապետին խնդրել եմ հանձնարարել ուսումնասիրել բարձրացված խնդիրը և գտնել առավել նպատակահարմար լուծում՝ Բերդավանն այլ համայնքի միացնելու գործում՝ հաշվի առնելով նաև տեղի բնակչության դիրքորոշումը»,- գրել էր Էդմոն Մարուքյանը: Ի դեպ, բնակիչների նամակում նշվում է համայնքների անհամատեղելիության մասին ինչպես բնակչության թվաքանակի, այնպես էլ միմյանց նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի առումով: Հարցին նախորդ շաբաթ անդրադարձել է նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով Սահմանադրության կետը, ըստ որի՝ համայնքների կարծիքը պետք է լսել, իսկ որոշ համայնքներ կողմ չեն խոշորացմանը. «Սա ինքնակառավարմանը դեմ գնացող, մարդու իրավունքին դեմ գնացող սկզբունք է , քաղաքացին հեռանում է կառավարման վահանակից, փոքր Հայաստանի համար ստեղծել համայնք, որի ծայրից ծայրը 50 կմ է, կիրառելի չէ։ Լեռնային շրջաններում դա ավելի դժվար է»։ Պրն Մանուկյանը նույնպես օրինակ է բերում Նոյեմբերյանի համայնքները։ Այսուամենայնիվ, ըստ վավերացված փաթեթի՝ Կողբը կմիանա Բերդավանին; Մեր հարցին, թե համայնքների ղեկավարներն արդյոք կարո՞ղ են պայքարի արդյունքում չեղարկել խոշորացման մասին որևէ որոշում, պրն. Թումանյանը դրական պատասխան տվեց: «Մենք ունենք եզդիների օրինակը, երբ Արագածում ցանկություն կար եզդիական համայնքները միացնել հայկականին, եզդիները կարողացան ցույցերի, բողոքների միջոցով արդեն ԱԺ մտած նախագիծը չեղարկել: Այս պահին էլ հնարավոր է ինչ-որ բան անել, մենք Հայաստանում ենք»: Հ.Գ. Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը ԱԺ-ում փաթեթի ընդունումից առաջ կազմակերպված քննարկումներից մեկում հայտարարել էր, որ ինքը եւ իր ղեկավարած համայնքի մեծամասնությունը դեմ են համայնքների խոշորացման ծրագրին, քանի որ Բարեկամավանը խորհրդային տարիներին ունեցել է համատեղ տնտեսություն, որը չի աշխատել. «99 տոկոսն իմ համայնքում դեմ են այս ծրագրին: Ես խնդրում եմ, սա իմ կարծիքով ժամանակավրեպ է: Փառք Աստծո, մենք տեղական ինքնակառավարման հանձնաժողով ունենք, կարծում եմ, որ մեծ ժամանակ չէր խլի ամեն համայնքում 2 ժամ լինելու, տեղում բնակչության կարծիքը հարցնելու համար»: Նրան պատասխանել էր իր վերադասը՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը. «Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա»: