Մուտքը Իրան՝ առանց վիզա, իսկ Շվեյցարիա՝ դյուրացված (տեսանյութ)
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Հայաստանի եւ Իրանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին հուշագրի վավերացման հարցը: Որպես զեկուցող, հանդես եկավ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը նշեց, թե հուշագրով առաջարկվում է հանել վիզային ռեժիմը երկու երկրների միջեւ, որն այս պահին դյուրացված ռեժիմով է: «Վիզան ստանում են սահմանի վրա, սակայն որոշել ենք դա էլ վերացնել: Առավելագույն ժամկետը, որով թույլատրվում է մնալ առանց վիզայի, 90 օր է»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Իրանում սրա վերաբերյալ արդեն գործընթացն ավարտվել է: Շավարշ Քոչարյանին հարց ուղղեց պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խնդրելով նշել, թե որքան է կազմում մուտքի վիզայի գումարը եւ որքան է տուժելու Հայաստանի բյուջեն: Պարոն Քոչարյանի խոսքով՝ բյուջեի վրա սա որեւէ կերպ չի անդրադառնա. «Իրանի քաղաքացիներին ամեն մի վիզայի համար վճարում են 7 դոլար, բայց այն հաշվարկները, որ կան՝ կապված զբոսաշրջության ծավալի ավելացման հետ, ստացվում է, որ մենք կշահենք, այլ ոչ թե կտուժենք»: Քննարկվեց նաեւ Շվեյցարիա մուտքի վիզայի դյուրացման համաձայնագիրը, որով հեշտացվելու է ՀՀ քաղաքացիների արտոնագրի ստացման գործընթացը: