«ՀՕՊ համաձայնագիրը կանխում է Թուրքիայի ագրեսիան մեր հանդեպ» (տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելով՝ Հայաստանը կդառնա առավել պաշտպանված: «Ա1+»-ի այն հարցին, թե հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, արդյո՞ք Հայաստանը թիրախ չի դառնա ՆԱՏՕ-ի համար, պարոն Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ բացատրելով դա այսպես. «Այս համակարգը գործում է մի դեպքում , եթե հարձակում է լինում Թուրքիայի կողմից Հայաստանի վրա և ոչ այլ դեպքերում, իսկ եթե ՆԱՏՕ-ն Թուրքիային աջակցի , ապա այդ դեպքում՝ այո, մենք կդառնանք ՆԱՏՕ-ի համար թիրախ: Ուզում եմ ասել, որ բացի նրանից , որ սա ուժեղացնում է մեր համակարգը, սա կանխում է նաև Թուրքիայի ագրեսիան մեր հանդեպ: Եթե Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա, ապա այստեղ մեր կողմից արդեն պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը միջուկային գերտերություն է, Ռուսաստանը Անվտանգության խորհրդի անդամ է, Ռուսաստանը ՀԱՊԿ-ի հիմնական պետությունն է, այնպես , ինչպես ՆԱՏՕ-ում ՝ ԱՄՆ-ն: Հիմա, եթե ՆԱՏՕ-ն խառնվում է այդ պատերազմին , ապա կոնֆլիկտը դուրս է գալիս Ռուսաստան- Ամերիկա հիմնականում, որովհետև միջուկային գերտերությունները դրանք են: Իսկ եթե ուշադիր նկատենք, ապա Ամերիկան Ռուսաստանի հետ երբեք որևէ մի տեղ ուղիղ հակամարտության մեջ չի մտնում: Ամերիկան հասկանում է, որ այն միջուկային զենքը, որն ունի Ռուսաստանը, բավարար է, որ ոչնչացնի ամբողջ Ամերիկան և նույն Ամերիկայի զենքն էլ կարող է ոչնչացնել ողջ Ռուսաստանը»: Մանրամասները՝ տեսանյութով