«Ռեզինե կոշիկներ պետք է ունենաս, որ կարողանաս հասնել Ա կետից Բ կետ» (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը», որով նախատեսվում է 14 600 մլն եվրո գումարի չափով վարկի տրամադրում: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ սրբազան սարսուռ են առաջացնում, քանի որ դրանք մեծամասամբ իրենց նպատակին չեն ծառայում. «Սակայն կան բացառություններ, եւ սա այդ բացառություններից է, որ Գյումրին վերածնվի՝ վերականգնվեն ենթակառուցվածքներն ու խայտառակ փողոցները: Կան փողոցներ, որտեղ այնպիսի ցեխ է, որ պետք է ռեզինե կոշիկներ ունենաս, որ կարողանաս Ա կետից Բ կետ հասնել»: Որպես օրինակ՝ նա բերեց Գյումրու Վարպետաց փողոցը, որտեղ կան բազմաթիվ թանգարաններ, եւ հիմա այն խայտառակ վիճակում է. «Այնտեղ մեքենա չի կարող մտնել, իսկ ոտքով ինչ-որ տեղ հասնելու համար պետք է օլիմպիական չեմպիոն լինես»: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին. «Ունենք մտավախություն, որ անընդհատ մեր պետական պարտքն ավելացնում ենք, սակայն հիմա մեր խնդիրն է վերակենդանացնել Գյումրին: Սա մեր բոլորի պարտքն է»: