«Համայնքը խոշորացնելիս մարդկանց կարծիքը չի լսվել» (տեսանյութ)
Տավուշի մարզի Բերդավան համայնքի մի քանի հարյուր բնակիչներ բողոքում են հանգամանքից, որ խոշորացման արդյունքում իրենց համայնքը միանում է ոչ թե Նոյեմբերյանին, այլ՝ Կողբին։ Ինչո՞ւ որոշումն ընդունելիս չի լսվել բնակիչների կարծիքը և ինչու տեղական հանրաքվե չի արվել, Համայնքների խոշորացման վերաբերյալ ԱԺ-ում քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցն ուղղեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին։ «Դա մենք արել ենք երեք նախորդ համայքների խոշորացման դեպքերում։ Դա չենք արել հիմա, քանի որ գործող Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովը լսում է համայնքների կարծիքը։ Մենք համայնքների կարծիքը լսել ենք այստեղ, նաև հիմա՝ Ձեր միջոցով։ Մենք լսել ենք նաև Ձեր նշված համայնքի ղեկավարի կարծիքը, փորձել ենք մտահոգությունների պատասխանը տալ»,- պատասխանեց պարոն Տերտերյանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչն է պատճառը առանց սպասելու համայնքների խոշորացման պիլոտային նախորդ ծրագրի արդյունքը տեսնելու մենք գնում ենք հաջորդ քայլին՝ խոշորացնում ենք ևս մի քանի համայնքներ։ «Պիտի լինենի համայնքների բավարար ծավալ, որպեսզի մենք կարողանանք որոշակի համեմատություններ անել։ Այս նոր համայնքները միացվում են նախորդ երեքին»,- պատասխանեց Վաչե Տերտերյանը։ Նա նաև Էլինար Վարդյանյանին խորհուրդ տվեց չֆիքսվել հանգամանքի վրա, որ համայնքների խոշորացման ծրագրի դեպքում պետք է մեծ փորձ ունենալ։ Մանրամասները՝ տեսանյութում