Բռնաճնշումների զոհերը հիշում են ստալինյան տարիները (տեսանյութ)
72 ամյա Մարալ Դուրգարյանը վերհիշում է, թե ինչպես է 1949թ-ի ստալինյան բռնաճնշումների զոհը դարձել իր ընտանիքը: Բեյրութից հայրենադարձված նրանց 10 հոգանոց ընտանիքը որպես դաշնակցականներ աքսորվել է Սիբիր, որտեղ էլ մնացել են 7 տարի:
«Մենք 4 քույր էինք , 3 եղբայր, հայրս, մայրս ու տատիկս, մենք մշեցի ենք: Սկզբից մեզ տարան մի հատ կանյուշնյա՝ ձիերը պահելու տեղը, այնտեղ էլ բոլորը խառը ապրում էինք, 50 աստիճան ցուրտ: Մի տարի անց ռուսական դպրոց սկսեցի գնալ, սովորեցինք, մի կերպ այդպես ապրեցինք»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց Մարալ Դուրգարյանը:
Վերջինս հիշում է տարիները, որոնք ինչպես ինքն է որակում՝ գոյատևման էին:
«Տավառնիյ վագոնով 13 օր մենք գնացել ենք: Չեք պատկերացնի, ինր սարսափելի վիճակ էր, որ մարդուն տանեն ու Սիբիրում անտառի մեջ գցեն: Քույրս տաիքով մի քիչ մեծ էր , գնում էր անտառներ էին կտրում, մի հատ գետ կար այնտեղ, գերանները, որ կտրում էին այդ գետով անցկացնում էին , շատ-շատերն էլ այնտեղ մահացան, խեղդվեցին , ջուրը ընկան»:
1953թ-ին՝ Ստալինի մահից հետո միայն հազարավոր մարդիկ կարողացան վերադառնալ իրենց տները: Նրանց թվում էր նաև Դուրգարյանների ընտանիքը: Նրանք 1956թ-ին վերադարձան Հայաստան:
«Այստեղ որ եկանք՝ քույրս թոքերի թոքախտ եղավ , 32 տարեկան մահացավ, եղբայրներս թոքախտից մահացան»,-նշեց տիկին Մարալը:
1994թ-ից Հայաստանում հունիսի 14-ը նշվում է որպես քաղաքական բռնաճնշումների ենթարկված ԽՍՀՄ քաղաքացիների հիշատակի օր: ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի հուշարձանի մոտ հավաքվածներն այսօր իրենց հարգանքի տուրքն էին մատուցում:
«Հիմա Ռուսաստանն ունի ԽՍՀՄ բռնությունների զոհ պատժված ժողովուրդների ցանկ, որի մեջ հայերը չկան, դրանք սովորաբար դեպորտացված ժողովուրդներն են: ԽՍՀՄ էթնիկ դեպորտացիաների մեջ կա 4 հայկական դեպորտացիա՝ 1937թ-ի կա, համշենահայերը կան, Ղրիմի հայեր կան 9000 հայ է աքսորվել և 1949թ-ի մեծ դեպորտացիան, որի թիվը մենք հստակ չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Բռնադատվածների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, տիկին Խառատյանի պնդմամբ՝ չի գործում: Այս կապակցությամբ նա շեշտեց.
«Մենք ունենք բռնադատվածների մասին մի խեղճուկրակ, անատամ օրենք , որը խեղճուկրակ սոցիալական խնդիր ունի լուծելու, որն էլ չի իրականացնում ՝ այդ բռնադատվածների , նրանց ժառանգների տրանսպորտային, առողջապահական, դեղորայքի զեղչեր, կոմունալ զեղչեր և այլն, այսինքն օրենքը կա, բայց իրականում այս բոլոր թվարկվածները չկան»:
Ազգագրագետը ցավով է նկատում, որ խնդրին պետական հնչեղություն չի տրվում, ինչի արդյունքում այն դուրս է մնում թե հետազոտական, թե հանրային ուշադրությունից և թե քաղաքական գործընթացներից:
Մանրամասները՝ տեսանյութում