«Հյուսիս-հարավ ավտոճանապարհն անցնելիս, կարծես ձի նստած լինես» (տեսանյութ)
«Չի եղել մի վարկային ծրագիր, որը հանգիստ քննարկվի, բոլորս էլ մտածում ենք, թե ինչ է լինելու մեր վերջը»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, խոսելով խորհրդարանում քննարկվող վարկային ծրագրի մասին, որն առաջարկվում է վերցնել M6 ավտոճանապարհի վերակառուցման համար: Պատգամավորը հիշեցնում է, որ մեր երկրում գնալով կրճատվում են աշխատատեղերը, նվազում է կենսամակարդակը, մարդիկ աղքատանում են, իսկ արտագաղթը ավելանում է: Ըստ նրա, այս վիճակում մի հարց է առաջանում, ինչպես են մուծվելու այդ վարկերը: «Մենք ավելի ռիսկային երկիր ենք դարձել, եթե առաջ մեր վարկերի մեծ մասը արտոնյալ էր, ապա հիմա հակառակն է: Եթե մենք առաջներում նմանվում էինք ԲԲԸ-ի, ապա գնալով մենք դարձանք ՍՊԸ, նույնիսկ ասում են ԱՁ ենք դարձել՝ սնանկանալուց հետո հեշտ կլուծարվենք»: Պարոն Մարգարյանը ասում է, որ ճանապարհներ կառուցել պետք է, բայց հավելում է՝ աչքը տեսածից է վախենում. «Հսկայական գումարներ ծախսվեցին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վրա, բայց որակ չկա, իքիբիրով է աշխատում, մի օր բացվում է, մի օր փակվում է, մարդիկ չգիտեն ոնց գնան, էդ նշանները խառն են: Մի քանի տարի է կրակի մեջ ենք: Գյումրեցիներն ինձ ասում են, մեկ ինքնաթիռ նստելուց ենք խմում մի բաժակ , մեկ էլ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ- Երեվան հատվածը անցնելիս: Տեղ կա, ոնց որ ճանապարհին ձի նստած լինես: Հիմա ուզում եմ ասեմ ամեն լումայի վրա պիտի դողանք: Հասկանանք՝ այսօր նպատակահարմար է, որ տասնյակ միլիոններ ծախսենք, թունելներ սարքենք, բայց մի ամիս գործի, մի ամիս չգործի»: