Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենք ենք ընդունում, որ խոշորները տուժեն, բայց օգտվում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անհասկանալի են այսօր Ազգային ժողովում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի ներկայացրած տվյալները՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ։ «Դուք ասում եք՝ մինչև 1 մլն դրամ ստացողները 5000 դրամ ավելի կվճարեն եկամտահարկ, մինչև 120.000 դրամ ստացողները՝ 1600 դրամ պակաս։ Ուզում եք ասել՝ հարկային բեռի ավելացում տեղի չի ունենում։ Մենք ամեն օրենքի քննարկումից ասում ենք՝ հա դե, 3000 դրամ է ավելանում, 1000 դրամ է ավելանում։ Բայց այն, որ 5000 դրամ ավելանում է, խնդիր է. մարդիկ դոլարային վարկ ունեն, օրինակ այդ վարկը փակելու համար, 5000 դրամ ավելանում է գազի գնից, հոսանքի գնից, կարմիր գծերից, հոծ գիծ տրորելուց, գնաճից։ Հիմա Հարկային օրենսգրքով դուք գնաճի նոր խթան եք տալու։ Ակցիզային հարկի դրույքաչափեր են փոխվում. բենզինի, լիցքավորվող գազի, սպիրտային խմիչքի էական գնաճ է լինելու»,- մտահոգություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Բացի այս, պարոն Փաշինյանը կարծում է, որ արդյունքում տուժելու է ոչ մեծ եկամուտ ունեցող քաղաքացին. «Ինչպե՞ս է լինում, որ ամեն անգամ մենք օրենք ենք ընդունում, որ խոշորները տուժեն, բայց ստացվում է արդյունքում, որ խոշորներն օգտվել են»։ «Ալկոհոլային խմիչքների մասով մենք առաջարկում ենք յուրաքանչյուր տարի, մինչև 2021 թվականը, բարձրացնել և ներդաշնակեցնել միայն օղու և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը։ Եվ օղու դեպքում դա չի վերաբերում պտղի և հատապտղի պարունակություն ունեցողներին»,-համառոտ պատասխանեց Վախթանգ Միրումյանը։ Բենզինի և գազի դեպքում դրույքաչափի բարձրացման վերաբերյալ էլ նա նշեց, որ  անհրաժեշտ գործիքակազմը կա, որպեսզի այդ ամենը լինի կառավարելիության սահմաններում։  «Ինչ վերաբերում է վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցների համար որպես վառելանյութ օգտագործում են սեղմած գազը, եթե ընդունենք, որ իրավիճակը չի փոխվելու, իրենք ստվերային գազ են օգտագործում, որի շրջանառությունը չի ֆիքսվում, դրույքաչափը ավելի կլինի, թե պակաս, իրենց վրա չի ազդելու»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը։