«Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը ստում են». ակցիա (տեսանյութ)
Միջազգային հանրությունը պետք է տեղեկանա, որ ապրիլի 2-ի պատերազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը։ «Վիեննայի մայիսի 16-ի հանդիպումից պարզ դարձավ, որ Հայաստանը չի ներկայացրել միջազգային կազմակերպություններին, միջազգային ատյաններին, որեւէ ապացույց առ այն, որ Ադրբեջանն է նախաձեռնող եղել այս պատերազմում: Ինքն է ագրեսորը, եւ միջազգային հանրության մոտ այդ հարցում կա անորոշություն: Մենք որոշեցինք այն գործողությունը, որը պետք է աներ մեր պետությունը, անել ինքնուրույն, քաղաքացիական նախաձեռնությամբ»,- ասաց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը ձեռք է բերել տեսանյութ, որը տարածելու է հնարավոր բոլոր օղակներով։ Ազատության հրապարակից նախաձեռնության անդամները երթով գնացին ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակ՝ տեսանյութը եւ նամակը հանձնելու համար: «Իլհամ Ալիեւը ստում է, երբ ասում է Հայաստանն է հարձակվել ապրիլի 2-ին: Մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը նույնպես ստում է, երբ ասում է պատերազմի հետեւանքները չեն եղել կարեւոր ռազմավարական նշանակություն չունեն»,- գրասենյակի մոտ ավելացրեց Անդրիաս Ղուկասյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողին փոխարինող Քրիստոֆ Բիրվիրթը ուշադիր լսեց նախաձեռնության անդամներին եւ խոստացավ նամակն ու տեսանյութը ուղարկել ՄԱԿ կենտրոնական գրասենյակ: «Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը ստում են». ակցիա Ամեն օր՝ ժամը 9-ից 18-ը նախաձեռնության անդամները կհավաքվեն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, մինչեւ կլինի պաշտոնական պատասխանը։