Պաշտոնյաներն առևտուր արեցին շուկայում. քաղաքապետը շռայլ էր (տեսանյութ)
Այսօր Երեւանում բացվեց Գյուղմթերքի ամենամյա շուկան: Այն կգործի ամեն շաբաթ եւ կիրակի օրերին: Գյուղատնտեսության նախարարության պնդմամբ,այստեղ վերավաճառողներ չկան, միայն գյուղացիներն են, որոնք վաճառում են իրենց իսկ այգու բերքը:
Շուկայի առաջին հաճախորդներից մեկը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր: Նա շրջեց շուկայում, մոտեցավ գրեթե բոլոր վաճառողներին ու անգամ առեւտուր արեց: Նա հորդորեց վաճառողներին այնպիսի գնով վաճառել իրենց ապրանքը, որ այն հարմար լինի քաղաքացիների գրպանին. «Թութն ի՞նչ արժի,- հարցրեց նախարարը եւ իմանալով, որ այն 1000 դրամ է, սակարկեց,- թանկ չե՞ս ասում, էնտեղ 500 դրամով էլ կար»: Վաճառողն արդարացավ՝ թե թութը դժվար է հավաքել, հատիկ- հատիկ են հավաքել: «Միեւնույն է՝ թանկ է»,- պնդեց նախարարը եւ իմանալով, որ վաճառողը Քաղցրաշեն համայնքից է, ավելացրեց . «Քաղցրաշենցիները շատ թանկաբազառ են, թանկ ես ասում, մի քիչ իջեցրու, գիտեմ չարչարվում եք, բայց քաղաքացինել է չարչարվում, գոնե կսակարկեք»,- ասաց նախարարը:
Գյուղացիներից մեկն էլ կեռասը վաճառում էր 800 դրամով: Նախարարը նրան հորդորեց իջեցնել գինը, ինչին գյուղացին պատասխանեց. «Դե հա, կիջեցնենք, բայց իմ տան դեմը, բիրիքով էդ գնով տանում են»:
Վաճառողներից մեկին էլ նախարարը նկատողություն արեց, թե ինչո՞ւ նա չի լվանում իր կարտոֆիլը. «Ապրանքային տեսքը հաշվի պետք է առնել»:
Սերգո Կարապետյանը, որոշեց կեռաս գնել, այն 1100 դրամ էր, մինչեւ գնելը նշեց. «Մի քիչ իջեցրու գինը, դա շատ թանկ է»: Գյուղացին արդարացավ. «Բայց բիրիքի գին ա, տալիս եմ էսքանով տանում են Ռուսաստան»: Այնուամենայնիվ նախարարն ու քաղաքապետը որոշեցին գնել կեռասը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոշեց վճարել նաեւ նախարարի փոխարեն, բայց նախարարը թույլ չտվեց. «Ամեն մարդ իր համար պիտի վճարի»: Արդյունքում վաճառողն օգտվեց կրկնակի, դեռ Տարոն Մարգարյանն էլ մանրը չվերցրեց։
Նախարարը վստահեցրեց, որ այս շուկայում գները տարբերվում են մյուս շուկաներից ու ձեռնտու են գնորդներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը չկարողացավ պատասխանել հարցին՝ գներն այլ շուկաներից տարբերվո՞ւմ են, թե՝ ոչ. «Ճիշտն ասած մեր տան առեւտուրը մայրս եւ կինս են իրականացնում, շատ գներին ծանոթ չեմ, ավելի շատ շփվում եմ բնակիչների հետ, նրանցից եմ հարցնում՝ թանկ է, թե էժան, երկու կարծիքն էլ լսում եմ»:
Իսկ շուկա եկած գնորդները «Ա1+»-ի հետ զրույցում ասացին, որ գները չեն տարբերվում մյուս շուկաներից, ոմանք անգամ պնդեցին, որ ավելի թանկ է: Գնորդները գոհ էին միայն որակից, ասում են՝ ամեն ինչ թարմ է:
