Մատակարարները դժգոհ են ՊՆ-ից
Մատակարար ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են Պաշտպանության նախարարության գնումների գործընթացից։ «Վագա Ֆարմ» ընկերության տնօրենը մի օրինակ է բերում. նախարարությունն իրենց խորհուրդ է տվել դեղերի տեխնիկական բնութագրերը ներկայացնելիս նշել պիտանելիության ժամկետը, բայց հենց այդ պատճառով էլ իրենց հեռացրել են մրցույթի մասնակիցների ցանկից։
«Անհեթեթություն է, աբսուրդ է, ասել են՝ պիտանելիության ժամկետը մեզ ներկայացրեք, որ տեսնենք՝ մեզ բավարարո՞ւմ է, թե՝ չէ, ներկայացրել ենք, ասում են իրավունք չունեիք ներկայացնելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Վահե Վարսանյանը։
Ընկերության ներկայացուցիչը այս խնդրից բացի, մեկ այլ մտահոգություն էլ ներկայացրեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին՝ մատակարարների հետ հանդիպմանը։ «Վագա Ֆարմը» դեղեր է մատակարարել նախարարությանը, սակայն գումարներն այդպես էլ չի վճարվել։
Վահե Վարսանյանը խորհուրդ է տալիս ուսումնասիրել իրավիճակը։ Ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Դու մեզ խորհուրդներ մի տուր»։ Վարսանյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ դու-ով իմ հետ չխոսաս»։ Հակոբյանն ընդունեց նկատողությունը և հարցին լուծում առաջարկեց. «Ներողություն եմ խնդրում, մեզ խորհուրդներ մի տվեք, եթե կա խնդիր, կդիմեք, ես Ձեզ կպատասխանեմ»։
Գնման գործընթացից դժգոհությունները բարձրաձայնելու համար, Պաշտպանության նախարարություն քննարկման էր ներկայացել նաև «Խաչպար» ընկերության տնօրենը։ Ախտահանիչ միջոցների ձեռքբերման մրցույթում հաղթած ընկերությունը զրկվել է մատակարարելու հնարավորությունից՝ պատճառաբանությամբ, թե ապրանքը չի համապատասխանել պահանջվող տեխնիկական ցուցանիշներին։
«Իրենք մի հատ խախտում են թույլ տվել, որովհետև գնումների օրենքը պահանջում է, որ տեխնիկական պայմանները գրված լինեն ամբողջական, իսկ այստեղ արտադրողի գրած ամբողջական պայմանները խախտվել են, մենակ մեկն են գրել ու դա հիմք են ընդունում բոլորին մերժելու համար»,- ասաց Սմբատ Բալասանյանը։
Նա կասկածներ ունի, որ իրենց միտումնավոր են դուրս թողել մրցույթից, ինչից հետո նույն ապրանքի համար, մեկ այլ ընկերությանը վճարվել է 23 միլիոն դրամով ավելի շատ գումար։ Սմբատ Բալասանյանի բողոքին՝ Մովսես Հակոբյանի արձագանքը խիստ էր։
«Կարծում եմ, քեզ չեմ վիրավորում և որևէ մեկին, մեր ժամանակը չվատնելու համար այստեղ դասախոսություն չկարդանք՝ ինչը ինչից հետո է, ով է ավելի հայրենասեր։ Դուք, դեռ բոլոր բողոքարկման տեղերը չեք դիմել, կարծում եմ, մեր երկրում մի տեղ կճարեք, որտեղ արդարություն կլինի։ Բողոքարկեք, դատարան կա»։
«Գնման գործընթացն այսուհետ ավելի խիստ է անցկացվելու»,- Պաշտպանության նախարարությունում ապրանքների ու ծառայությունների հնարավոր մատակարարների հետ հանդիպմանը հայտարարեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը։ Նա նաև վատ ցուցանիշ համարեց 2016 թվականին գնումների գործընթացից բողոքարկման 17 դեպքը։