Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պետական պարտքն ամեն ամիս ավելանում է 40-50 միլիոն դոլարով (տեսանյութ)

Տնտեսություն
vilen-khachatryan

Ամեն ամիս Հայաստանի պետական պարտքն ավելանում է 40- 50 միլիոն դոլարով և արդեն այս տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում է 5 միլիարդ 252 միլիոն դոլար։ Բացասական է նաև Հայաստանում օտարերկրյա անուղղակի ներդրումների ցուցանիշը՝ դրա ծավալն այս տարվա առաջին երեք ամիսներին նվազել է 58 միլիարդ դրամով։ Չնայած այսպիսի տվյալներին՝ Կառավարությունը հայտարարում է տնտեսական ակտիվության ցուցանիշի 106% աճի մասին։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ սա իր բացատրությունն ունի։ «Ներմուծումը կրճատվում է, ներդրումները կրճատվում են, շինարարությունը կրճատվում է և  մենք ունենք 106% տնտեսական աճ։ Ես դրան ասում եմ նախընտրական մակրոտնտեսական ցուցանիշներ։ Այսինքն՝ ցանկացած ընտրություններից առաջ մակրոտնտեսական ցուցանիշները պետք է իրենց բարձր լինելու մակարդակով լինեն այնպիսի ամբողջ բազա, որի վրա պետք է կառուցվի հետագա քաղաքականությունը»։ Խոսելով պետական պարտքի մասին՝ տնտեսագետը նշում է՝ ամեն ամիս պարտք անել, նշանակում է, որ տնտեսությունը ստիպված է այդ գումարները վերցնել. «Բյուջեն չեն կարողանում կատարել, օրինակ՝ 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը եղել է կրկնակի ավել, պլանավորել են 114 միլիարդ, տարվա վերջին եղել է 232 միլիարդ, և դա ապահովելու համար ստիպված են եղել պարտք վերցնել»։ Ըստ նրա՝ այսպիսի տվյալները ահազանգ են ապագայում ավելի վատ վիճակի մասին։ Տնտեսագետը բերում է Համաշխարհային բանկի ունեցած տվյալներ, ըստ որոնց՝ 2020 թվականի Հայաստանը պետական պարտքը հասցնելու է ՀՆԱ-ի 60%-ին։