Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե բան ունեին ասելու, թող Սամվել Բաբայանին ասեին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Janna-Aleqsanyan

«Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը բոլորիս համար շոկային էր: Ապրիլյան պատերազմից հետո, երբ բոլորիս ուշադրությունը սահմանին էր, զինվորների անվտանգությանն ու նրանց կյանքին, ու հանկարծ դաժան ծեծ մի անձի նկատմամբ, որի մասին մենք միայն  դրական տպավորություն ունենք: Համարում եմ անթույլատրելի ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունը Արցախի հեռուստատեսությամբ հնչեցրած, որը ևս չի դատապարտել բռնությունն այն դեպքում, երբ հայտնի էր, որ զինվորականներ են մասնակցել ծեծին, իսկ թե ովքեր էին այդ զինվորականներն ամենից լավ գիտեր հենց Լևոն Մնացականյանը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ խոսելով Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին հունիսի 6-ին ծեծի ենթարկելու փաստի մասին: Իրավապաշտպանը խայտառակություն է որակում նաև այս միջադեպի հետ կապված ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը: «Վստահ եմ, որ մամուլի խոսնակը առանց Բակո Սահակյանի չէր կարող նման հայտարարություն անել, իսկ եթե արել է, ապա այսուհետ մենք ինչպե՞ս վստահենք նրա հետագա մեկնաբանություններին՝ Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ինչպե՞ս կարող ենք վստահել Դավիթ Բաբայանին: Նրան պետք էր հեռացնել այդ պաշտոնից՝ նման վերաբերմունքի համար: Այսինքն` ամեն հարց կարգավորում են ծեծելով, անձնական հաշվեհարդարի միջոցով»,-շեշտեց տիկին Ալեքսանյանը: Վերջինս  վստահ է, որ սա խիստ բացասական ազդեցություն է թողնելու միջազգային հարթակներում Ղարաբաղի վարկանիշի վրա և  նշանակություն է ունենալու միջազգային կառույցների հետագա  գնահատականների համար: «Մենք ինքներս էլ գիտենք, թե ինչ մթնոլորտ է Ղարաբաղում՝ բռնի մթնոլորտ: Որևէ մեկն այլ տեսակետ հայտնել չի կարող, իսկ եթե հայտնում է, ապա նման մոտեցում է ցուցաբերվում: Այն, որ քսան հոգով  ծեծել են մտավորական մարդուն և թելադրել են, որ նա գրի իրենց ուզած գրությունը: Այդ գրությունը գրել են տվել այն նպատակով, որ Հայկ Խանումյանին զրկեն անձեռնմխելիությունից և  նրա գլխին գործ սարքեին, ապա մենք կունենայինք քաղբանտարկյալ նաև Ղարաբաղում: Նա շատ խելացի է գտնվել, որ այդ թուղթը ստորագրել է՝ իր կյանքը փրկելու համար, որովհետև հնարավոր է, որ նրան նաև սպանեին։ Այստեղ հպարտանում են, որ իրենք ավելի ժողովրդավար են, քան Ադրբեջանում, բայց իրենց համեմատությունները թող ուրիշ երկրների հետ բերեն, ոչ թե Ադրբեջանի»։ Նշենք նաև, որ Հայկ  Խանումյանի կնոջ հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քրեական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Մինչդեռ Ժաննա Ալեքսանյանը   թերահավատ է, որ գործը կբացահայտվի՝ շեշտելով, որ   կատարվածի հեղինակները Ղարաբաղի իշխանություններն են։ «Թեև Բակո Սահակյանն անընդունելի է համարել այս դեպքը և ասել է, որ  մեղավորները պատժվելու են, բայց ես վստահ չեմ, որ գործը կբացահայտվի։ Դրա փոխարեն մեկ այլ բանում եմ վստահ՝ նեգատիվ վերաբերմունքը Հայկ Խանումյանի նկատմամբ։ Նա այնտեղ արդեն «իզգոյ»-ի կարգավիճակ ունի»։ Հիշեցնենք նաև, որ Հայկ Խանումյանը պահանջում էր իր պաշտոնին վերադարձնել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որը վերջերս է վերադարձել Մոսկվայից։ Անդրադառնալով այս հանգամանքին՝ Ժաննա Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ օտարության մեջ  գտնվող ցանկացած մարդ՝ տեսնելով իր հայրենիքը նման օրհասական վիճակում կարող էր  մտահոգ լինել և վերադառնալ։ Մեր հարցին, թե արդյոք նրա վերադարձը կազմակերպված բնույթ չի՞ կրում կամ որոշ մարդկանց կողմից նախապես մշակված սցենար, տիկին Ալեքսանյանը պատասխանեց. «Ես քաղաքական գնահատականներ տալ չեմ ուզում։ Ես նրան հավատում եմ, որ ասում է, թե վերադարձել է իր հայրենիքի համար, իսկ թե ինչ շահեր կան դրա հետևում թաքնված՝ ես չգիտեմ։  Ես ավելի շատ կարևորում եմ մարդկային գործոնը և կարծում եմ, որ եկել է հայրենիք այս ծանր օրերին՝ իր ներդրումը ունենալու համար։ չեմ կարծում, որ նրա գալուց հետո վտանգներ են լինելու, իսկ եթե իշխանության համար է պայքար լինելու, ապա դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ, ընտրելու և ընտրվելու  հնարավորություններ։ Թող Սամվել Բաբայանի հետ այդպես վարվեին, եթե կարող էին, եթե այդ ամեն ինչը նրա համար էր, ոչ թե Հայկ Խանումյանին ծեծեին։ Եթե բան ունեին ասելու, թող  Սամվել  Բաբայանին ասեին»։