Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղծ փաստաթղթերի տպարան է հայտնաբերվել. ԱԱԾ-ն զգուշացնում է

Քաղաքականություն
aac

ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված մեծածավալ  օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների  արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի  պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ  քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ  վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված  սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19  միաժամանակյա  խուզարկությունների  արդյունքում հայտնաբերվել է  տեխնիկական զննության 1000-ից  ավելի  կեղծ կտրոն, գործի  համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ: Նախաքննության  ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա  հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: Հարուցված քրեական գործով իննը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից  ութի  նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին  բացահայտելու   ուղղությամբ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը  հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական  կորուստներից  քաղաքացիներին զերծ պահելու  նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները  համայնքների վարչական շենքերում  վարձակալած սենյակներից,  ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից  և հորդորում է  սահմանված կարգով  դրանք ձեռք բերել բացառապես  ՀՀ  բանկերից: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 1   2   3   4   5   6   7   8   9   10   11   12 Ծանուցում.

 Հանցագործության համար մեղադրվողը   համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը      ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն