Ոչ թե գիտելիքահեն, այլ պոմիդորահեն տնտեսություն (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ այս կատարողականը նախորդ տարիների նման հուսահատ ու տխուր փաստաթուղթ է, որտեղ կան եւ անկումներ, եւ նույնիսկ աճեր. «Սակայն չկա ամենակարեւորը՝ ռազմավարություն, թե ինչպիսին ենք ուզում դարձնել մեր տնտեսությունը: Անցած տարի խղճուկ երեք տոկոսանոց տնտեսական աճը յոթանասուն տոկոսով ապահովել է գյուղատնտեսությունը, որն էլ բնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ էր: Եթե երկու հատ կարկուտ ու երեք հատ էլ անձրեւ ավելի գար, հիսուն տոկոսով մեր բերքը կկրճատվեր»: Ըստ նրա՝ գիտելիքահենք տնտեսությունը Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հետ միասին պոմիդորահեն տնտեսություն սարքեցին. «Մենք պարտավոր ենք ունենալ ագրարահեն երկիր, սակայն քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նման նրբերանգներով մեր երկիրը շանս չունի գոյատեւել այս տարածաշրջանում, քանի որ հարեւան երկրները սպասում են, թե երբ պետք է ՀՀ-ն խժռելու պահ գա՝ որպես բանջարաբոստանային մթերք: ՀՀ դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ոչ թե պոմիդորն ու ծիրանը, այլ բարձր արդյունաբերական ինդուստրիան. պոմիդորով թշնամու դեմը չես առնի»: Նիկոլ Փաշինյանը նաեւ նկատեց՝ ՀՀ քաղաքական էլիտան պետք է մաքրազատել նրանցից, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որ ՀՀ-ն դարձնեն թույլ ու այլ երկրի կցորդի բարդույթի մեջ պահեն. «Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներից, որոնք բուռն արձագանքեցին ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարիտիրոսյանի հարցազրույցին, որը մեր երկիրն անվանել էր քոսոտ: Ութսուն տարեկան մարդն ի՞նչ գործ ունի ԳԱԱ պաշտոնում: Եթե անգամ համարենք, որ նա անբասիր ղեկավար է ու հանճարեղ գիտնական, միեւնույնն է՝ այդ տարիքում նրան այդ պաշտոնում պահելը նշանակում է՝ մեր գիտությունը քոսոտ վիճակում պահել: Արդյունքում մեր գիտությունը անդեմ, անօգնական ու հուսահատ ձեռքերում է գտնվում, մինչդեռ այն պետք է լիներ ինդուստրիալ, ավանգարդ պետք է լիներ երիտասարդների աստղաբույլ»: Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է լիներ սեփական սպառազինությունների թիվ մեկ մատակարարը. «Սա հեշտ չէ, սակայն այն հաջողությամբ հաղթահարելը մեր պարտքն է մեր նահատակների ու սերունդների առաջ»: Նա նաեւ նշեց, որ բյուջեի կատարողականում կան տագնապալի թվեր. օրինակ՝ 1200-ով նախորդ տարի պակաս ծնունդ է արձանագրվել. «Նախատեսված բեյբի-բում չեղավ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նշման առիթով»: Նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով. «Այո, Կարթագենը պետք է կործանվի: Շատ կարեւոր է, որ ԱԺ դահլիճում հայրենասիրության գաղափարն է իշխում: Եթե քննադատում ենք, ապա դա անում ենք ուղղելու նպատակով, այլ ոչ թե իրար վրա քար նետելու համար: Ոչ միայն ճառ ասենք, այլեւ զանգ կախենք»: