Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Դուրյանը հայաֆիկացրել է աշխարհահռչակ պիեսը

Մշակույթ
narek-duryan

Երկու տարվա ընդմիջումից հետո՝ նոր ներկայացում Նարեկ Դուրյանից: «Իմ կնոջ անունն է Մորիս», աշխարհում արդեն հայտնի  ու ամենաշատ խաղացված ներկայացումը՝  հայաֆիկացված տարբերակով։ «Երբ կարդացի պիեսը, զգացի, որ շատ ֆրանսիական պիես է, պետք էր ինչ որ ձեւ տեղայնացնել, գործողությունները պետք է բերվեր Հայաստան: Պիեսում զույգ են՝ ամուսին եւ կին, ֆրանսիացի են, ես ամուսնուն դարձրեցի երեւանցի, իսկ կնոջը ֆրանսահայ»,- պատմում է Նարեկ Դուրյանը: Ժամանակակից թատրոնը երկխոսություն է: Հանդիսատեսը միաժամանակ նաեւ դերասան ու ռեժիսոր է: Նարեկ Դուրյանը լսում է հանդիսատեսին ու խոստանում՝  ներկայացումը դեռ շատ կփոփոխվի: «Երբ 300- 400 հոգի հավաքվում են, զարմանալի մի բան է կատարվում, իրենք մի բան են թելադրում ու հեղինակները հենց այդ ժամանակ իրենց մեջ պետք է ուժ գտնեն հրաժարվելու այն բանից՝ ինչ իրենք սիրում են, այլ ոչ թե ասեն՝ չեն հասկանում, անհնար է, գոնե մեկը, եթե «հը»  չարեց, նշանակում է 300 բութ է հավաքվել, իսկ դա ճիշտ չէ, մեծամտություն է այդպես մտածելը»: Դերասանական կազմին ընտրելիս  նա խոստովանում է, որ միայն տաղանդը չէ, որ հաշվի է առել. «Չափանիշ չէ, որ միայն տաղանդավոր մարդիկ լինեն, չափանիշ է, որ լավ մարդիկ ու լավ հարաբերություններ լինեն»: Պիեսի հեղինակը ֆրանսահայ Րաֆֆի Շարտն է: Ոգեւորվելով Դուրյանի մտահաղացումից՝ նա որոշել է  առաջիկայում  գալ Հայաստան ու դիտել ներկայացումը: Բացի այդ, նրա այցը այլ նպատակ էլ կունենա։ Րաֆֆի Շարտը կգա ներկայացումը դիտելու, երբ կսկսի գործել Նարեկ Դուրյանի թատրոնը;  Պարոն Դուրյանը  տարածք է վարձակալել Գրողների միության շենքում: Հիմա  նորոգման փուլն է: Մի քանի ամիս հետո Նարեկ  Դուրյանի բոլոր  բեմադրությունները  կներկայացվեն  արդեն նորաբաց թատրոնում: