Ռուսաստանը Հայաստանում С-400 չի տեղակայի. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
Հայաստանը կկորցնի զինված ուժերի նկատմամբ իրավունքների մի մասը՝ Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային համակարգում ներգրավվելու պարագայում։ «Անմիջական ղեկավարը լինելու է ՀՀ սպա, բայց ինքը ունենալու է իր գլխին վերադասեր՝ ՌԴ զինված ուժերից»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։ ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին պայմանագիրը հավանության է արժանացել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից։ Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի վրա հարձակման դեպքում հակաօդային պաշտպանություն իրականացնելուց առաջ մեր երկիրը պետք է հաշվի առնի ՀԱՊԿ-ի տեսակետը։ «ՀՀ Զինված ուժերի այն ստորաբաժանումները, որոնք կներառվեն այդ համատեղ ՀՕՊ-ի մեջ, չեն կարողանա ինքնուրույն որոշել՝ կրակե՞լ, թե՞ չկրակել։ Նրանք պետք է առաջնորդվեն կարգերով և վերադաս հրամաններով»,- նշում է Դանիել Իոաննիսյանը։ Ռուսաստանի այս ծրագրին կողմ է հետախույզ Վովա Վարդանովը, ում պնդմամբ՝ Հայաստանի օդային տարածքի մի մասը հսկող С-300 համակարգերը 100%-ոց պաշտպանություն չեն ապահովում։ Հետախույզ Վովա Վարդանովը նշում է. «Հակահրթիռային պաշտպանությունը հայկական կարելի է ասել զրոյական է, ռուսական համակարգի հետ ընդհանրանալով՝ մենք ինչ-որ տեղ կունենանք համեմատաբար ուժեղ համակարգ։ Հաշվի առնելով, որ մինչև այս մենք ունեինք ընդամենը С-300-ներ, հիմա նաև ռուսական բազայում գտնվում են С-400-ներ»։ Դանիել Իոաննիսյանը հակադարձում է. «Ռուսաստանը ընդամենը մի քանի հատիկ Ս400 դիվիզիոն ունի Սիրիայում, Կալինինգրադում, Մոսկվայի շրանում, Սանկտ Պետերբուրգի շրջակայքում։ Հայաստանում իրենք С-400 չեն տեղակայել և չեն էլ տեղակայի»։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը ոչ միայն չպաշտպանեց իր դաշնակից Հայաստանին, այլ նաև հաստատեց զենքի հետագա վաճառքը Ադրբեջանին։ Ըստ փորձագետների՝ միայն սա հիմք է գնահատելու, որ Ռուսաստանի վրա հույս դնելը ճիշտ չի լինի։ Փաստաթուղթն էլ պետք է չհասներ Ազգային ժողով՝ առանց հասարակական աջակցության, կարծում է Վովա Վարդանովը. «Մեր հակաօդային պաշտպանության համակարգը դնել Ռուսաստանի ռազմական ղեկավարության ձեռքի մեջ, փաստորեն՝ ինչ-որ հրաժարվել տեղ մեր ռազմական սուվերենիտետից ու դա չի քննարկվել մեր ժողովրդի հետ, դա այնքան էլ ճիշտ չի»։ Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին։ Եվ չնայած քննադատություններին՝ իշխանությունները պնդում են՝ փաստաթղթում որևէ վտանգավոր կետ չի կարող լինել։ «Ես չեմ կարծում, որ մեր ռազմաքաղաքական ոլորտի ղեկավարությունը, ովքեր հեղինակում, նախաձեռնում, բերում հասցնում են խորհրդարան այս խնդիրները, խորապես չեն վերլուծել և խորապես վստահ չեն նրանով, որ սա հենց այն քայլն է, որը պետք է կատարել»,- ասում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Հասարակական կազմակերպության համակարգողին, սակայն, հավատ չի ներշնչում իշխանությունների լավատեսությունը։ Ըստ Դանիել Իոաննիսյանի՝որպեսզի Հայաստանի ազգային շահը չոտնահարվի, Ազգային ժողովը պետք է չվավերացնի ռուս-հայկական նոր պայմանագիրը։