Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը բռնությունը համարում է արցախյան գործընթաց (տեսանյութ)

Քաղաքականություն
Hayk

Խուլիգանական միջադեպ էր,-Ղարաբաղում հայաստանցի գործընկերոջ հանդեպ բռնության մասին արձանագրում է Հայաստանում ղարաբաղցի պատգամավոր Համլետ Հարությունյանը: Բայց որտե՞ղ մարդ չեն ծեծում: Մեր խորհրդարանի մակարդակով Հայկ Խանումյանի ծեծը դատապարտելուն Համլետ Հարությունյանը դեմ է՝ ի՞նչ է եղել որ: Հայկ Խանումյանի հանդեպ բռնությունը Ղարաբաղի ժողովրդավարական վարկանիշի վրա չի ազդի. <Ի՞նչ կապ ունի ժողովրդավարական արժեքները ազգային անվտանգության հետ>: Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է,-համոզված է մեկ այլ հանրապետական Վազգեն Կարախանյանը: Եվ մի կերպ է հիշում ծեծվողի ազգանունը եւ այն, որ տղամարդ է: <Խանումյան: Հա, Խանումյան: Գրողը տանի, դժվար է այդ Խանումյան բառն ասել, որովհետեւ խանում բառը իգական սեռի ներկայացուցչին է յուրահատուկ>: Հանրապետական պատգամավորը չի ասում, որ Հայկ Խանումյանն արժանի էր բռնության, սակայն երիտասարդն իրեն երբեք չի հիացրել. <Հեռախոսով խոսալուց բոլորը միանշանակ ասում էին, որ ինքը արժանի մարդ չի, ինքը հայ չի>: Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշյալ բռնությունը համարում է Արցախում ընթացող գործընթաց, որին չարժե գնահատական տալ. <Շատ լավ կլինի, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը եւ քիթները չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներին>: Ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանն այդ կարծիքին չէ՝ բռնության հանդեպ դիրքորոշում պետք է, Հայաստանի խորհրդարանը պետք է դատապարտի Հայկ Խանումյանի ծեծը, Հայաստանի իշխանություններն են միջազգային բանակցություններում ներկայացնում Արցախը. <Դեռ ավելին, նրանցից մեկը՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, որով արցախապատկան տարածքներ էր պատրաստվում զիջել>: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Արցախի գործող իշխանությունը հավանաբար այլեւս ցանկություն չունի ժողովրդավար լինելու: Իսկ դա Ղարաբաղին ոչ մի լավ տեղ չի տանի: