ԱԱԾ-ում կա՞ն Ձերժինսկու լուսանկարներ (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս նախագծից կարող է տպավորություն ստեղծվել, որ ԱԱԾ-ից կադրերի արտահոսք կա. «Նաեւ ուզում էի հետաքրքրվել՝ սերնդափոխության խնդիր եւս կա՞: Մամուլում բազմիցս հնչել է ու ինքս անձամբ տեսել եմ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակների պատերին Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Խնդիրն այն չէ՝ դա լավ է, թե վատ է, այլ արժեհամակարգի ու ծառայության ընկալման հետ կապված խնդիրներ կարող են լինել»: Պարոն Փաշինյանը նաեւ հիշեցրեց որոշ ժամանակ առաջ Անվտանգության խորհրդի նիստից հետո Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքերն՝ ուղղված ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին. «Ուզում եմ իմանալ՝ ԱԱԾ-ն այդ հատուկ հանձնարարությունը ի վիճակի եղե՞լ է կատարել, թե ոչ»: ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը նախ նկատեց, որ արտահոսք բառն ինքը չէր օգտագործի, քանի որ ծառայություն նման արտահոսք չկա, որ ցանկանան փորձառու կադրերին պահել. «Ես իմ ելույթում նշեցի, որ եզակի դեպքերում սպայական կազմի առանձին ծառայողների դեպքում: Մենք երիտասարդ կադրերի համար խոչընդոտ չենք հանդիսանում, եւ սերնդափոխությունն իրականացվում է: Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովին վերաբերող հարցին, ապա թույլ տվեք չպատասխանել, քանի որ քննարկվող հարցի շրջանակներում չէ եւ նաեւ՝ այդ հանձնարարությունը եղել է նախկին ղեկավարի ժամանակ, որին ես իրավասու չեմ պատասխանելու»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ եթե պատգամավորը հարց է տալիս, ապա այս կամ այն չափով առնչվում է քննարկվող հարցին. «Իսկ իմ տպավորությամբ այդ հանձնարարությունը չի կատարվել, այլապես բոլորս այդ մասին կիմանայինք: Սակայն այդպես էլ չասացիք՝ ԱԱԾ աշխատասենյակներում Ձերժինսկու լուսանկարներ կա՞ն, թե չկան, եթե կան, ապա դրանք անձամբ ձեզ համար խնդի՞ր է, թե ոչ»: «Միանշանակ կարող եմ ասել՝ որեւէ մեկի աշխատասենյակում չկան՝ ոչ կիսանդրին, ոչ նկարը ներկայումս: Դա միգուցե 1988թ. մասին է խոսքը, դրանից հետո՝ չէ... Տեսե՞լ, ես չեմ տեսել»,- պատասխանեց ԱԱԾ պետի տեղակալը: