«Ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են դեզերտիրությամբ» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը տեղեկացրեց, որ այսպիսով բոլոր ծառայողները պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն: Բացի այդ, ծառայողների շարքերը համալրվեն նեղ մասնագիտական կրթություն պահանջող, գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված, պահեստազորում գրանցված անձանցով: Նա նաեւ տեղեկացրեց, որ բարձրացվում է սպայական բարձրագույն կազմի ծառայողների համար թոշակի անցնելու սահմանված շեմը՝ 65 տարեկան: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով, նշեց, որ նախագծի ենթատեքստը հասկանալի է. «Մենք ոչ միայն այս, այլեւ մյուս լրջագույն ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, սակայն ինչո՞ւ դա արվի բանակ չգնացածների հաշվին: Մոնիթորինգ արե՞լ եք՝ բանակ ծառայողների մեջ չկա՞ն անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ, քանի որ չծառայողների մեջ են բազմաթիվ պաշտոնյաների զավակներ, որոնք ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են դեզերտիրությամբ: Մտավախություն չունե՞ք, որ այդպիսով ԱԱԾ համակարգը կդարձնենք կադրերի նշանակման բյուրո՝ ահա, այդպիսի «գիտնականների» համար, որոնց գիտնական համարելը լրջագույն անպարկեշտություն կլիներ»: Ի պատասխան Արզուման Հարությունյանն ասաց, որ պետք է փարատի այդ մտահոգությունը, քանի որ սահմանափակումներ չկան բանակում ծառայած-չծառայածների միջեւ, ընդհակառակը՝ առավելություններ ունեն ծառայածները. «Մեզ մոտ այդ գործընթացը մեխանիկորեն չի կատարվում՝ գիտական աստիճան ունի, ուրեմն վերցնենք աշխատանքի: Կադրերի ընտրությունն անում ենք կոնկրետ խնդիրներ լուծելու համար, այլ ոչ կադրերը համալրելու համար ուղղակի: Անհոգ եղեք՝ միջնորդությամբ ԱԱԾ համակարգում ընդունելություններ գրեթե չեն լինում»: Նաիրա Զոհրաբյանը զարմացած էր նրա պատասխանից. «Ձեր պատասխաններից այն տպավորությունը ստացա, որ ԱԱԾ համակարգը բացառիկ օազիս է մեր հանրապետությունում, որ չկա միջնորդություն ու ինչ-որ մի պաշտոնյայի տղայի չի ընդունի աշխատանքի, որը ՆԱՍՍԱ-ի մակարդակի «գիտնական է»: Փորձի փոխանակում արեք նաեւ մյուս պետական համակարգերին»: «Խնդիր չկա, հենց այդպես էլ անում ենք: 30 տարուց ավելի է՝ ԱԱԾ-ում աշխատում եմ, նման դեպքեր գրեթե բացառված են»,- վստահեցրեց Արզուման Հարությունյանը: «Բերեք, էդ քառակուսի բաներից դուրս գանք էլի: Իմ երեխաները փոքր են, դրա համար ազատորեն կարող եմ խոսել. այս բազմաթիվ պատգամավորների երեխաներ կարող են տաղանդավոր լինել, հիմա էդ երեխաները կրա՞կն են ընկել, որ պատգամավորի երեխաներ են»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անմիջապես հաջորդեց Նաիրա Զոհրաբյանի պատասխանը՝ տեղից. «Ձեր գնահատականներում առավելագույնս կոռեկտ եղեք. էդ քառակուսի բառը ձեր ելույթների համար ասեք: Ես ինձ թույլ չեմ տվել ձեր գնահատականները անվանել քառակուսի կամ եռանկյունի, թեեւ ձեր բազմաթիվ ելույթների մասին կարող էի ասել»: «Ավարտեցի՞ք, ես խնդրում եմ՝ լսեք ինչ եմ ասում, նոր գոռացեք՝ ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»,- բարկացավ Էդուարդ Շարմազանովը: