Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հենց վարչապետը գնում է, հակառակ բանն եք անում» (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan-1

ԱԺ-ն այսօր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայելյանը տեղեկացրեց, որ, այսպիսով` սահմանվում են ջրային, էներգետիկայի, տրանսպորտային միջոցների, կոմունալ ենթատարածքների զբաղեցված տարածքների սեփականության գրանցման առանձնահատկությունները. «Սրանք վերաբերում են միայն կառավարության կողմից հաստատված ծրագրերին: Այս նախագծով այս տարածքների տնօրինման իրավունքը համայնքին անհատույց փոխանցելու միջանկյալ գրանցումը՝ պետությունից իրավաբանական անձին, չի իրականացվի»: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, հարց ուղղելով նրան, նկատեց. «Կոռուպցիայի դեմ ենք պայքարում, հիմա դրա արդյունքո՞ւմ է, որ նման որոշում եք բերում, որ բերում է երկրորդ հարթություն: Այսպիսով` միջոցներ չեք տնտեսում: Միլիոնավոր, միլիարդավոր չարաշահումների է սա բերելու: Վարչապետը այնտեղ, որտեղ դուք կանգնած եք, մի քանի օր առաջ ասում էր, որ պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Ստացվում է՝ հենց նա այդ հարթակից իջնում է, դուք լրիվ հակառակ բանն եք անում: Դուք տնտեսական բեմիկ եք ստեղծում»: Աշոտ Մուսայելյանը սրտնեղած ասաց, որ իրենք եւս պայքարում են կոռուպցիայի դեմ ու իրականացում են վարչապետի ծրագրերը. «Իսկ այս նախագիծը ոչ թե հակասում է, այլ լրացնում է այդ պայքարը»: Արդեն իր ելույթում Հրանտ Բագրատյանը, մեկ առ մեկ դիմեց դահլիճում նստած բոլոր պատգամավորներին՝ անհատապես. «Մեծարգո տիկին Աճեմյան, մեծարգո պարոն Շարմազանով, մեծարգո պարոն Ջհանգիրյան, մեծարգո պարոն Խաչատրյան...»: «Եթե այդպես լինի, հիմա բոլոր 131-ն էլ կգան դահլիճ»,- արձագանքեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Արդեն բուն ելույթի ժամանակ պարոն Բագրատյանը կրկին անդրադարձավ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների սեփականաշնորհման գործընթացին. «Նա լավ բան չէր կարող անել: Ի տարբերություն նրա, որ բոլոր ռամկավարական օբյեկտները սեփականաշնորհվեցին ու պարտք գույքի դիմաց հանձնվեցին, մեր կառավարման ժամանակ՝  սեփականաշնորհման արդյունքում, 108 մլրդ դրամի պարտք է փակվել: Տնտեսությունը սկսեց աճել: Ու, հիշեք, մենք մեզ թույլ չենք տվել մի կրպակ վերցնելու, այդպես ենք աշխատել՝ հանուն պետության»: