Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
80ttouNu-qE

ԱԺ-ում այսօր նախագծերից մեկի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ մի փոքր  չարաշահելու է իր խոսքի ազատությունը եւ կխոսի առավոտյան Ստեփանակերտում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստի մասին: Նրան ընդհատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ասելով. «Ես գիտեմ՝ ինչ եք ուզում ասել: Այս պահին ձեզ թույլ կտամ մեկ րոպե խոսել, բայց խոսենք օրակարգի վերաբերյալ»: Զարուհի Փոստանջյանը շարունակեց՝ ասելով՝  Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նա այս պահին հիվանդանոցում է գտնվում. «Նա ստացել  մարմնական վնասվածք: Կոչ եմ անում պատգամավորներին՝ դատապարտող հայտարարությամբ հանդես գանք եւ պարզենք՝ ովքեր են այդ հարձակում կատարողները: Եթե մեր մյուս գործընկերոջ՝ Կարո Փայլանի նկատմամբ թուրքական խորհրդարանում են բռնության ենթարկում, ապա այս դեպքում մեր հայկական 2-րդ հանրապետության մայրաքաղաքում է բռնության ենթարկվել: Պետք է Հայկ Խանումյանին շուտափույթ ու պատշաճ բուժօգնություն տրամադրվի: Նաեւ՝ ընդգծենք, որ նա նաեւ լրագրող է ու բռնության է ենթարկվել: Այսօր գտնվում ենք աշխարհի էպիկենտրոնում, այս բոլոր լուրերը հասանելի են դառնալու ողջ աշխարհին, եւ Ստեփանակերտը պետք է լինի ժողովրդավարության կղզյակ, այլ ոչ թե բռնության»: «Վերջում գոնե շնորհակալություն հայտնեիք, որ թույլ տվեցի խոսեք, տիկին Փոստանջյան: Տենց ա, լավ...Դուք էիք, չէ՞, կոչ անողը՝ ԼՂՀ անկախության ճանաչման... Դե որ այո, ապա ԼՂՀ-ն ինքնուրույն, ժողովրդավար պետություն է, եւ այս ամբիոնից կոչեր անել ԼՂՀ-ին, կարծում եմ՝ ճիշտ չէ: ԼՂՀ-ում կա իրավապահ համակարգ, եւ ես համոզված եմ, որ նրանք կքննեն այդ հարցը ու օրենքի սահմաններում՝ կորոշեն՝ ինչ է եղել: Եվ այստեղ կարիք չկա ստվեր նետել... Մենք ո՞վ ենք, որ այստեղից ԼՂՀ դասեր տանք: ԼՂՀ-ն ունի ընտրված նախագահ, ԱԺ, իշխանություն ու իրավապահ համակարգ»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը։