«Իրանցի զբոսաշրջիկը կարող է գալ Գորիս, բայց չհասնել Երևան» (տեսանյութ)
«Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերում նաև ծովային ռազմական տեխնիկա և սպառազինություն։ Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ ծովային սպառազինություն կիրառելու որևէ դաշտ չկա, հետևաբար՝ դա արվում է Կասպից ծովում Իրանի դեմ որոշակի քայլեր իրականացնելու համար»,- այսօր նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա՝ նաև անօդաչու թռչող սարքերը, որ աշխատում էին քառօրյա պատերազմի ընթացքում մեր դեմ, նույն կերպ աշխատել, աշխատում և աշխատելու են Իրանի դեմ՝ այդ երկրից հետախուզական տվյալներ հայթայթելու նպատակով։ «Բացի այդ, իրանա-ադրբեջանական առկա սահմանն, ըստ էության, վերահսկվում է նաև իսրայելական սարքերի միջոցով։ Այս առումով Իրանին ձեռնտու է, որ ադրբեջանա-իրանական սահմանը հնարավորինս կարճ լինի։ Այլ խոսքով՝ այսօր առկա հայ-իրանական սահմանը հօգուտ Ադրբեջանի երբևիցե չփոփոխվի, նկատի ունեմ՝ ազատագրված տարածքների սահմանը»։ Իսկ ի՞նչ կտա մեր երկրի և Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը. «Թե տնտեսական շահեր կարող է դա բերել, թե քաղաքական կարևոր ցուցիչ է մեր երկու երկրների հարաբերությունների համատեքստում։ Վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան պետք է լինի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը, նաև՝ առևտրային հարաբերությունների, փոխադարձ ներդրումների հրապուրմանը»,-նշեց իրանագետը։ Պարոն Ոսկանյանը շեշտեց նաև, որ շատ կարևոր է, որպեսզի այդ չեղարկումը լուրջ օժանդակություն բերի նաև Սյունիքի մարզին։ «Շատ դեպքերում իրանցի զբոսաշրջիկը կարող է գալ և Գորիս հասնելով՝ իր զբոսաշրջային ծրագիրն ավարտել հանգստյան օրերին ուրբաթ, շաբաթ օրերին, որը համապատասխանում է մեր շաբաթ, կիրակիին և վերադառնալ իր երկիր՝ չհասնելով Երևան։ Նույնը վերաբերում է մեր քաղաքացիներին։ Կարծում եմ՝ երկու երկրներն էլ կօգտագործեն այդ հնարավորությունները։ Սա թույլ կտա Հայաստանին դառնալու տրանզիտ՝ զբոսաշրջության համար, կամ իրանցիներին առաջարկելու Հայաստան-Վրաստան համատեղ փաթեթներ»։