Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը չմասնակցեց շախմատի Եվրոպայի առաջնության բացմանը

Սպորտ
a1chess-veteran

Այսօր Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի վետերանների 16-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, բացման խոսքով ելույթ են ունեցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՇՖ-ի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ աշխարհի կանանց 5-րդ չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին: Շախմատի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյան, որը մայիսի 17-ին անձամբ բացել էր խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը, այս անգամ չմասնակցեց այդ արարողությանը:   Այս տարվա վետերանների առաջնությանը մասնակցում են 18 երկրների 95 շախմատիստ, այդ թվում 10 գրոսմայստեր, 10 միջազգային վարպետ, ինչպես նաեւ 3 կին գրոսմայստեր ու միջազգային վարպետ: Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերում՝ 50-ից մինչեւ 65 տարեկաններ եւ 65-ից բարձր: Այն ընթանալու է շվեյցարական մրցակարգով եւ տեւելու է ինը օր:   Հավելենք, որ Եվրոպայի շախմատի վետերանների առաջնությունն անցկացվում է 2001 թվականից: Չեմպիոնի կոչումը նվաճել են 11 շախմատիստ, այդ թվում 4 անգամ լավագույն է ճանաչվել գրոսմայստեր Մարկ Ցեյտլինը: Իսկ ահա 82-ամյա գերմանացի շախմատիստ Բորիս Գրուզմանը միակն է, որը մասնակցել է բոլոր առաջնություններին (նա հայտավորված է նաեւ այս մրցաշարում): Նրանից մեկ մրցաշարով ետ է մնում ռուսաստանցի Ստանիսլավ Ժելեզնին, որը նույնպես 82 տարեկան է: