Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԴ-ից ձեռք բերված ռումբերը մեր տան գլխին են ընկնում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hamlet-harutyunyan

ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն ներկայացնում էր ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նախագծի քննարկումը բուռն անցավ: Հիմնական տարաձայնությունը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ուներ: Նա այս նախագիծը բուտաֆորիա անվանեց, որի նպատակն է ՌԴ կողմից ՀՀ տոտալ վերահսկումը. «Ապրիլյան չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ շատ հավանական է, որ ՌԴ այս համաձայնագրերով մենք մեզ համար կեղծ պատրանք ենք ստեղծում, որ ՌԴ-ն մեր անվտանգության երաշխավորն է: Ըստ էության, այսպիսով մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխան հակաօդային պաշտպանությունից: Չպետք է մոռանանք, որ ՌԴ նպատակը միշտ եղել է ծնկի բերել ՀՀ-ն այնքան, որ նա լինի հլու-հնազանդի կարգավիճակում: Իրավացի եք՝ շատ անվտանգություն չի լինում, սակայն մենք հիմա անվտանգության մի մեծ փուչիկ ենք ստեղծում: Սա անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ պետք է դեմ քվեարկել ու չվավերացնել այս համաձայնագրերը, այլ զարգացնենք ՀՀ հակաօդային պաշտպանության համակարգը: Մենք հոգնել ենք արդեն, որ ամեն անգամ Պաշտպանության նախարարությունը մեզ աչքով-ունքով բան է հասկացնում, թե բա գիտեք՝ այնտեղ գաղտնի բան կա եւ այլն: Մենք հոգնել ենք նման կեղծ պահվածքից: Այս համաձայնագրերի վավերացումն արդեն քրեական հանցագործության հետ զուգակցվող բան է դառնում»: Երբ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը հարց տվեց կոնկրետ զինատեսակների գների մասին, այս հարցը բարկացրեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին: Նա կոչ արեց չխորանալ մանրամասների մեջ, քանի որ դա չի բխում մեր ազգայի շահից: Իսկ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու համաձայնագրին. «Սակայն դա ինչ կապ ունի՝ այդ անվստահությունը վերացա՞վ: Չմոռանանք, որ կա երկու ՌԴ, մեկը՝ Պուշկին-Գոգոլի, մյուսը՝ Պուշկովիչների, Ռագոզինի ՌԴ: Դա ես չեմ ասել: Այս խեղճ ժողովուրդը ինչ անի, որ այդ անվստահության վեճին չխառնվի: Սա համաժողովրդական խնդիր է: Ես իմ հույսը չեմ կորցնում, որ ՌԴ որոշ վայ գործիչներ խելքները գլուխները կհավաքեն ու չեն կորցնի հայերի նման բարեկամների: Կասեմ գերադրական աստիճանով, որ հայերը ձեռք են բերել իսկական բարեկամի անուն: Ներքին վտանգ եմ զգում ՌԴ համար՝ եթե այսպիսի բարեկամների հնարավորություն են ստեղծում, որ երես շրջեն, ես չեմ նախանձում ՌԴ-ին: ՌԴ-ն պետք է օբյեկտիվորեն գնահատի իրավիճակն ու հայերի պատմական դերը այս տարածաշրջանում: Ես շատ եմ ցավում, որ մի քանի զենք վաճառողներ փորձում են հայերի ու ռուսների դարավոր բարեկամությունն այսպես խաթարել: Ի դեպ, այդ ռումբերը, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել ՌԴ-ից, ուղիղ մեր տան գլխին են ընկնում Ղարաբաղում»: «Տնաշեն, էս շենքի գլխին են արդեն ընկնում»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը: