Բանաձևի ընդունումից հետո՝ փոփոխություն գերմանական դասագրքերում (տեսանյութ)
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ընդունումը խիստ կարեւոր է Հայաստանի համար. կարծում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը. «Գերմանիան, լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը, փաստորեն ընդունեց նաեւ իր սխալը եւ Թուրքիային ճանաչեց մեղավոր»: Ըստ Արա Պապյանի, Բունդեսթագի փաստաթղթում կան կարեւոր կետեր, որոնք չկան անգամ Ֆրանսիայի ընդունման փաստաթղթում. «Այստեղ կա մի կետ, որ դպրոցական ծրագրերում պետք է ներկայացվի Հայոց ցեղասպանությունը»: Արա Պապյանը չի բացառում, որ փաստաթուղթը կանդրադառնա գերմանաթուրքական հարաբերությունների վրա. «Ինչքան էլ թուրքերը հոխորտում են, բայց տուժողն իրենք են լինելու, նրանք ոչինչ չեն կարող անել, մի քիչ աղմուկ կհանեն, դեսպանին հետ կկանչեն ու վերջ»: Բանաձեւն, ըստ պատմաբանի, կարող է ազդել նաեւ մյուս մեծ պետությունների դիրքորոշման վրա: Նա չի բացառում նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխություն: Բոլոր դրական կողմերը հաշվի առնելով՝ Արա Պապյանը ասում է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի միայն Հայոց ցեղասպանության ընդունումով. «Եթե այս քայլերին չպիտի հաջորդեն հատուցումները, ապա ամեն ինչ անիմաստ է, դա նման կլինի գյուղացու, որը անընդհատ վարում է հողը, բայց ոչինչ չի ցանում: Մեր նպատակը ոչ թե ճանաչումն է, այլ հատուցումը»: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես կարեւոր է համարում այս փաստաթուղթը ու կարծում է, որ այս քայլին պետք է հետեւի Թուրքիայի առերեսումը՝ իր պատմության մութ էջերի հետ: Տիկին Ալավերդյանը չի ընդունում, այն մեկնաբանությունները, թե այս փաստաթուղթը ընդունել են ոչ թե հանուն Հայաստանի, այլ Թուրքիայի դեմ: «Ես համոզված եմ, որ աշխարհում կա այն խավը, որ կարող է մարդկության համար ինչ- որ բան անել»: Լարիսա Ալավերդյանը, սակայն, հավելում է, որ փաստաթուղթը ոչ մի արդյունք չի ունենա, եթե Հայաստանի իշխանությունները այն ճիշտ չկիրառեն: