«Մտերմանալով որդուս հետ` Վանոյի Արտակը տիրացավ հանքավայրին»
Կառավարության մոտ այսօր իր բողոքի ձայնն էր եկել բարձրացնելու Փառանձեմ Հակոբյանն, ում 44-ամյա որդին՝ Արթուր Անդրեասյանը, երեք տարի է՝ բանտում է։ «Արթուրը տուժել է Արտակ Գալստյանի` «Վանոյի Արտակի» ձեռքից, խարդախություններից։ Ես խնդրում եմ Սերժ Սարգսյանին, որ արդար դատավարություն անեն։ Վանոյի Արտակը, Վանոյի ճուտը, որը երկար տարիներ գործել է միայն խարդախությամբ, գռփել, թալանել է բոլորին, հիմա էլ հասել է բարձրաստիճան մարդկանց, ախորժակը բացվել է և վարկաբեկում է բոլորի»,-նշեց նա։ Ի՞նչ է կատարվել 3 տարի առաջ. տիկին Փառանձեմը նշեց. «Մտերմանալով տղայիս հետ, իմանալով, որ մենք ունենք նոր բացվող հանքավայր, նա վարկաբեկեց մեր ծանոթներին, բարեկամներին, որպեսզի տիրանա դրան և տիրացավ»։ Նրա տեղեկություններով՝ Ջրաբերում գտնվող հանքավայրն Արտակ Գալստյանը վաճառել է։ Իսկ ինչպե՞ս է Արթուր Անդրեասյանը հայտնվել բանտում. «Արտակ Գալստյանի միջնորդությամբ է բանտում։ Սկզբում իր վրա էր հոդվածները՝ խարդախություն, վաշխառություն, փաստաթղթերի կեղծում, հետո իր ծանոթությամբ, թիկունքով վերացրեց դրանք և խարդախությունը վերածեց տղայիս վրա։ Ես ոչ թե պահանջում եմ անմիջապես ազատել տղայիս, այլ պահանջում եմ արդար դատավարություն, որն առ այսօր չկա»։ Արթուրին կալանավորել են տասը տարով։ Հիմա գործը Վճռաբեկ դատարանում է, սակայն Վճռաբեկը որոշում է կայացրել չվերանայել գործը։ Տիկին Փառանձեմը շեշտեց, որ որդին առողջական խնդիրներ ունի, երեք անգամ սրտի կաթված է տարել և չի կարող երկար մնալ բանտային պայմաններում։