Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանի միլիոնների եկամուտը՝ ընտանի կենդանիներից (տեսանյութ)

Հասարակություն
9cc6cec2176a5922013598d3a04df674

2016թ. առաջին 5 ամիսների ընթացքում Երեւան քաղաքի բնակիչները  ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար վճարել են 2127000 դրամ տեղական տուրք. հայտնել են Երեւանի քաղաքապետարանից՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցման։ 2014 թվականին Երեւանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015 թվականի տեղական տուրքը սահմանվել էր 5000 դրամ: «Ա1+»-ը հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե 2015 թվականից սկսած՝ Երեւանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար որքան տուրք է հավաքագրվել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունից տեղեկացրեցին, որ 2015թ. ընթացքում Երեւան քաղաքի բնակիչները  ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար վճարել են 2240000 դրամ, իսկ 2016թ. առաջին 5 ամիսների ընթացքում՝ 2127000 դրամ տեղական տուրք: Ստացվում է, որ ընտանի կենդանիները քաղաքապետարանին արդեն մոտ 5 միլիոն դրամի «եկամուտ են բերել»։ Քաղաքապետարանից տեղեկացրեցին նաեւ, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք չվճարած քաղաքացիներին վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության առկայության դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված է տուգանքի նշանակում՝ 5000-10000 դրամի չափով: