«Մեծ անվստահություն կա կառավարության, ընդդիմության և հասարակության միջև» (տեսանյութ)
Հայաստանում Գերմանիայի դեսպանը ուրախ է, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ խոսում են կոռուպցիայից. «Կան շատ երկրներ, որտեղ այս թեմայով քննարկումներ չեն լինում», ասում է ՀՀ-ում ԳՖՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: 40 տարի առաջ Գերմանիայում էլ չէին խոսում կոռուպցիայից, թեպետ բոլորը գիտեին, որ այն կա: Երեկ դեսպանը արտասահմանյան այլ դիվանագետների հետ հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարարին, վերջինս վստահեցրել է՝ կպայքարենք. «Եվ մենք հաշվի ենք առնում նրա ասածները, որպեսզի տեսնենք արդյոք կան շոշափելի արդյունքներ»: Դեսպանն ակնարկում է, որ կոռուպցիան այնպիսի չարիք է, որի ակունքները միայն իշխանության մեջ չեն. «Կոռուպցիայի դեմ պայքարի թեման միայն կառավարության և քաղաքական գործիչների խնդիրը չէ, այլ ամբողջ հասարակության»: Մաթիաս Քիսլերը տեղյակ է, որ հունիսի 1-ին լրացավ Ընտրական նոր օրենսգրքի ընդունման վերջնաժամկետը: Օրենքն ընդունվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ եւ վերջին խոսքը Վենետիկի հանձնաժողովինն է. «Կարծում եմ՝ պետք է սպասել վերջնական զեկույցի հրապարակմանը, որը կլինի հունիսին: Շատ կարևոր է լուրջ մոտենալ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին: Մենք տեսնում ենք, որ մեծ անվստահություն կա կառավարության, ընդդիմության և հասարակության միջև, և անհրաժեշտ է լցնել այդ բացը և ցույց տալ փոխընբռնում այս հարցի շուրջ»: Ի դեպ, դեսպանն տեղյակ է նաեւ, որ այս օրենսգիրքն ընդունվեց առանց ընդդիմության հիմնական առաջարկները հաշվի առնելու: Այստեղ ինքը ոչինչ անել չի կարող. « Դրա մասին պետք է հարցնել կառավարությանը և ընդդիմությանը: Կան առաջարկություններ, և նրանքպետք է տեսնեն, թե դրանցից որոնք կարելի է իրագործել, որոնք՝ ոչ»,- ասաց Մաթիաս Քիսլերը: