«Ստացվում է՝ մեր երկաթգիծը բարգավաճ է» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց, որ անցած տարի իրենց պետական բյուջեից հատկացվել է 42, 3 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է ավելի, քան 54 մլն դրամ, որոշ ծրագրեր գերակատարվել են, Հս-Հվ ճանապարհահատվածի առաջին տրանշն ավարտին կհասցվի այս տարի: Բացի այդ, ըստ նրա, 730,2 մլն դրամ հատկացվել է տրանսպորտի պահպանմանը, 6 մլրդ դրամ՝ ճանապարհների պահպանմանը: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին եւս հետաքրքրում էր Հս-Հվ ճանապարհի կառուցման աշխատանքները. «Ինչպես հասկացա՝ մի բան էլ ավելի է ծախսվել: Եկեք մի բան ասենք հասարակությանը՝ ե՞րբ է Աշտարակի ճանապարհահատվածը երկկողմանի դառնալու՝ մեկ մի հատվածն է բացվում, մեկ՝ մյուսը փակվում»: Արթուր Առաքելյանը նշեց, որ Աշտարակից Արտաշատ ճանապարհահատվածը մի քանի օրից կբացվի. «Շեղումներ այս ընթացքում, իհարկե, եղել են, դրանք ճանապարհակառուցման պարագայում նորմալ են՝ ջրահեռացման կարերը պետք է մշակվեին համապատասխան նյութով՝ պետք է ռեզինե մեկուսիչ շերտ լինի, սակայն պարզվեց, որ մեր արեւային ուղեցուցանիշը մի փոքր բարձր է ու այդ ռեզինը չի աշխատել: Հանձնարարվել է, որ դա փոխարինվի: Մի քանի ճաքեր էլ են եղել, չափել ենք դրանք, բետոնի հաստությունից երեսուն տոկոսից ցածր է, շինարարն իր հաշվին վերացնում է այդ թերությունները»: Բանավեճ տեղի ունեցավ փոխնախարարի ու ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյան միջեւ, երբ վերջինս նրան հարց ուղղեց երկաթուղու աշխատանքների մասին, որը կոնսեսիոն պայմանագրով կառավարման է հանձնվել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղուն»: Ի դեպ, այս հարցի շուրջ տարաձայնությունները Վարդան Այվազյանի եւ նախարարության միջեւ շատ վաղուց կային: Դեռ անցած տարի Վարդան Այվազյանն այս հարցը բարձրաձայնել էր նախարար Գագիկ Բեգլարյանի ներկայությամբ ու մինչ օրս այդ տարաձայնությունները չեն հարթվել: Վարդան Այվազյանն այսօր փոխնախարար Առաքելյանից հետաքրքրվեց. «Ինչքան հիշում եմ՝ մինչեւ կոնսեսիոն պայմանագրով կառավարման հանձնելը երկաթուղին եկամուտով էր աշխատում՝ իրականացնելով եւ ուղեւորափոխադրում, եւ բեռնափոխադրում: Հիմա 19 տոկոսով նվազել է բեռնափոխադրման ծավալը, որը ազդել է երկաթուղու տնտեսական ցուցանիշների վրա: Մենք ունեինք տեխնիկական լուրջ պարտք, չորս հազար վագոն ունեինք, իսկ հիմա հարյուր քանիսի է հասել: Ասենք, մեկ ուրիշը շշկռվավ ու սկսեց այստեղ ուղեւորափոխադրում կատարել, ի՞նչ ենք անելու այդ դեպքում»: Արթուր Առաքելյանը նշեց, որ «Հարավկովկասյան ընկերությունն» իր ներդրումային պարտավորությունները 102 տոկոսով կատարել է. «Ձեր ասած այդ վագոնները հնամաշ գույք են եղել: Ընկերությունն իր միջոցների հաշվին է ձեռք բերում նոր շարժակազմ, նոր վագոններ: Դա ՀՀ ստանձնած պարտավորություններից դուրս է, դա նրա բիզնես գործունեության շրջանակներում է»: Վարդան Այվազյանը հետաքրքրվեց նաեւ գնային քաղաքականությունից. «Լավ, Վրաստան չասեմ, համեմատություն չանեմ այնտեղի հետ, թե չէ էլի կջղայնանաք: Օրինակ բերեմ ՌԴ-ն, փոխադրումներն այս դեպքում համարժե՞ք են»: Արթուր Առաքելյանն ի պատասխան նկատեց. «Պարոն Այվազյան, դուք ոլորտից քաջատեղյակ եք. ներսի փոխադրումները պետք է գնահատվեն, քանի որ երկրից դուրս դրանք հաստատվում են երկաթուղիների սավետի կողմից: Մեր ցանցը կարճ է, ու երկիրը՝ փոքր, ուստի համադրելի չեն ՌԴ-ի հետ: Մենք սակագնի հաստատման իրավունք չունենք»: «Ես ներողություն եմ ուզում խնդրել, սակայն մեր պարոն Առաքելյանին ուզում եմ ասել, որ ստացվում է՝ մեր երկաթգիծը բարգավաճ է...Լավ, պարոն Առաքելյան, ես մի բան եմ ասում, դուք փորձում եք սվիններով ընդունել»,- նրան ընդհատեց Վարդան Այվազյանը: «Բացարձակ, ես ուղղակի թվեր եմ ասում»,- փորձեց արձագանքել Արթուր Առաքելյանը: