Ակտիվիստը բողոքարկում է ոստիկանության գործողությունները
ՀՀ վարչական դատարանում այսօր՝ ժամը 16.40-ին նշանակված է դատական նիստ` 2014 թ. հունիսի 23-ին Սարյան 22ա հասցեում` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հարող տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Արմեն Աբրոյանի գործով: Ակցիայի ընթացքում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` Արմեն Աբրոյանը, բերման են ենթարկվել ոստիկանություն: Հետագայում` արդեն հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել Արմեն Աբրոյանի դեմ` վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ի պատասխան այս հայցի` Արմեն Աբրոյանի ներկայացուցիչներ Սերգեյ Գրիգորյանը և Տիգրան Եգորյանը ՀՀ վարչական դատարան են ներկայացրել հակընդդեմ հայց` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները: Ըստ Արմեն Աբրոյանի ներկայացուցիչների` խախտվել են իրենց վստահորդի ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու և ազատ տեղաշարժվելու իրավունքները: Դատական գործն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում: Նախորդ դատական նիստի ընթացքում Արմեն Աբրոյանի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել տեսանյութ, որում երևում էր, որ Աբրոյանին բերման են ենթարկել ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները, այնինչ զեկուցագիր կազմել է 1-ին գումարտակի ոստիկանը, որը դատարանում նշել է, որ ինքն է բերման ենթարկել Ա. Աբրոյանին: Տեսանյութը հետազոտելուց հետո ոստիկանության ներկայացուցիչ Արուսյակ Աթանյանն ասել է, որ չի կարող այդ պահին ներկայացնել իր դիրքորոշումը և խնդրել է հետաձգել դատական նիստը: Ենթադրաբար նա իր դիրքորոշումը կարտահայտի այսօրվա դատական նիստի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» -ը։