Անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 12-րդ մրցույթը
Հունիսի 6- ից 14-ը Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային 12-րդ մրցույթը: Մրցույթը ուղղված է դաշնամուր, ջութակ, թավջութակ և դիրիժոր մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ և անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը: Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից և «Դիմակահանդես» դրամայից: Սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Հուսով ենք, որ Դուք անմասն չեք մնա մշակութային այս վառ իրադարձությունից: Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի տնօրինություն