«Կարեւորը մեր եռագույնը բարձրացնելն է». Սերգեյ Վարդազարյան
Թեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանի անձնական մարզիչ Արսեն Ավետիսյանը կարծում է, որ իր սանը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է դարձել միմիայն իր տաղանդի շնորհիվ: «Ինքը Հայաստանի հավաքականի միակ անդամն է, որը մինչ օրս ոչ մի ուսումնամարզական հավաք չի անցկացրել արտասահմանում, իսկ դա զգացնել է տալիս Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ժամանակ: Ցավոք, Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիան ֆինանսական սուղ հնարավորություններ ունի, ինչը թույլ չի տալիս ամբողջ տարի լիարժեք պատրաստվել մրցումներին», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց փորձառու մասնագետը: Մասնավորապես, այս տարի, մեր թեքվոնդոյիստներն անցկացրել են մեկ ուսհավաք Իրանում, մասնակցել են միջազգային մեկ մրցաշարի եւ Եվրոպայի առաջնությանը: Իսկ ահա Կանադայում կայանալիք թեքվոնդոյի աշխարհի երիտասարդական առաջնությանը, ըստ մասնագետի, մենք հավանաբար չենք մասնակցի, քանի որ այն մեծ ծախսեր է պահանջում: «Մեր հարեւան Ադրբեջանում տարեկան մեկ մարզիկի վրա այնքան գումար են ծախսում, որքան մենք ամբողջ թիմի համար: Պատճառն այն է, որ նրանց ֆեդերացիան ֆինանսավորում է նավթային ընկերություններից մեկը: Մենք չունենք նման հնարավորություն, բացի այդ, պատերազմող երկիր ենք եւ մեծ գումարներ ենք ծախսում պաշտպանութան համար», - եզրափակեց Արսեն Ավետիսյանը: Իսկ ահա Սերգեյ Վարդազարյանն առանձնակի ուշադրություն չի դարձնում այդ խնդիրների վրա: «Ես հիմնականում մարզումներին մասին եմ մտածում, իսկ ինչ վերաբերում է պայմաններին, ապա արդեն հարմարվել ենք դրանց: Կարեւորն այն է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ ինձ հաջողվեց բարձրացնել մեր եռագույնը եւ դրանով իսկ ուրախություն պարգեւեցի մեր ժողովրդին», - նշեց երիտասարդ թեքվոնդոյիստը: