Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հաղթեց «Միկային» եւ հռչակվեց չեմպիոն

Սպորտ
gago1

Հայաստանի ակումբային ֆուտբոլը նոր առաջատար ունի: Դա Երեւանի «Ալաշկերտն» է, որն ընթացիք մրցաշրջանի վերջին խաղում 2:0 հաշվով վստահ հաղթեց «Միկային» եւ անհասանելի դարձավ Գյումրիի «Շիրակի» համար: Վերջինս նախորդ խաղում պարտության էր մատնել հենց ալաշկերտցիներին եւ դարձել էր միակ վտանգավոր մրցակիցը: «Ճիշտ է, չեմպիոնությունը տարբեր պատճառներով մի քիչ ձգձգվեց, բայց անչափ հպարտ եմ, որ չորս տարվա մեջ կարողացանք նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը: Կաշխատենք արժանապատվորեն հանդես գալ նաեւ չեմպիոնների լիգայում, որպեսզի ապացուցենք, որ «Ալաշկերտը», իրոք, ուժեղ թիմ է», - խաղից հետո «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը լրացրեց այն մասնագետների ցանկը, որոնք իրենց թիմերի հետ դարձել են Հայաստանի չեմպիոն: «Երկու տարի բավական մեծ աշխատանք կատարեցինք: Բոլորը՝ ղեկավարները, մարզչական շտաբը, ֆուտբոլիստները, ադմինիստրատիվ կազմը միահամուռ կոլեկտիվ էին դարձել, ինչի հաշվին էլ հասանք հաջողության: Անչափ ուրախ եմ եւ երջանիկ, որ մեր երկարատեւ աշխատանքը վերջապես արդյունք տվեց», - լրագրողների հետ զրուցելիս ասաց փորձառու մասնագետը: Հավելենք, որ Գյումրիի  «Շիրակը» ավարտական խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ եւ մրցաշրջանն ավարտեց 2-րդ հորիզոնականում: Մրցանակային երրորդ տեղում մնաց Երեւանի «Փյունիկը», որն այս տուրում ազատ էր: Հաջորդ՝ 4-րդ տեղը զբաղեցրեց Կապանի «Գանձասար-Կապանը», որն այսօր սեփական դաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց հետնապահ «Բանանցի» հետ: