Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիո-2016-ին պատրաստվում է հունահռոմեական ոճի 7 ըմբիշ

Սպորտ
sport-hunahromeakan

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվելով օլիմպիական խաղերին, ներկայումս Վենեսուելայի եւ Բուլղարիայի ընտրանիների հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքէջը, այդ հավաքում մեր ընտրանին հիմնական շեշտը դրել է ընդհանուր ֆիզիկական եւ ֆունկցիոնալ պատրաստականության վրա: Մայիսի 25-ին օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մեր ըմբիշները կմեկնեն Իտալիա, որտեղ մայիսի 28-ին կմասնակցեն Սասարիի ավանդական միջազգային մրցաշարին: Վերադառնալուց 10 օր հետո մեր ըմբիշները կմեկնեն Ալուշտա (Ղրիմ) ՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Դրանից հետո մեկշաբաթյա ընդմիջում կտրվի, ապա հավաքականը կմեկնի Բելառուս՝ Ստայկիի օլիմպիական մարզաբազա, որտեղ հավաք կկազմակերպի մի քանի այլ երկրների ընտրանիների հետ: Այդտեղ արդեն հիմնական շեշտը դրվելու է մրցագորգային մարզումների վրա: Եզրափակիչ ուսումնամարզական հավաքը կլինի Երեւանում, հուլիսի 25-ից մինչեւ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիո դե ժանեյրո մեկնելու օրը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ Ռիոյում հավաք չեն նախատեսել, քանի որ օլիմպիական խաղերի ժամանակ դժվար է տեղում մարզումներ կազմակերպել: Նա նաեւ տեղեկացրել է, որ ուղեգիր նվաճած յուրաքանչյուր քաշային կարգում (բացի 98 կգ-ից) երկուական ըմբիշ կնախապատրաստվեն օլիմպիական խաղերին, որպեսզի հնարավոր վնասվածքների դեպքում Ռիո մեկնեն 2-րդ համարները: Դա նշանակում է, որ բացի Միհրան Հարությունյանից (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանից (75 կգ), Մաքսիմ Մանուկյանից (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանից (98 կգ), օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն նաեւ Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Արթուր Շահինյանը (85 կգ)՝ որպես պահեստայիններ: