Կրճատվել են Հայաստան եկող գումարները. Ադիբեկյան (տեսանյութ)
Հայաստանում իշխանության գործունակության վարկանիշային երկրորդ մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ հասարակությունը տեղական ինքնակառավարման մարմիններին է դիտարկում որպես իրենց խնդիրներին աջակցող ամենաանմիջական օղակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Եթե բնակիչը խնդիր է ունենում, առաջին հերթին գնում է ՏԻՄ, եթե այնտեղ չի լուծվում իր խնդիրը, դիմում է մարզպետարան կամ քաղաքապետարան եւ այլն։ Որքան անլուծելի է խնդիրը, այնքան ատյանը բարձրանում է։ Վերին ատյաններ գալիս են այնպիսի հարցեր, որոնք լուծման ենթակա չեն, որովհետեւ անհեթեթ են, կամ այնքան դժվար են, որ կարողություններից դուրս են։ Սա նշանակում է , որ եթե մենք ուզում ենք իշխանական լծակներին փոխօգնող ազդեցությունը մեծացնել, պետք է նպաստենք ՏԻՄ կարողությունների աճին»,-նշեց Ադիբեկյանը։ Նույն ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի բնակչության 89 տոկոսը գտնում է, որ իր կեցությունը կախված է պետական ատյաններից՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ 55 տոկոսի։ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ դա ունի իր պատճառները. «Եթե առաջ ամեն երրորդ ընտանիք դրսից գումար էր ստանում, կարողանում էր ապահովել իրեն, փոքր կամ միջին բիզնեսով զբաղվեր, ապա հիմա ամեն տասներորդ ընտանիքն է։ Այսինքն՝ կրճատվել են այն գումարները, որոնք գալիս են Հայաստան»,- եզրափակեց նա։