Բնակիչներն իրենց պայմանագրերը վաճառում են վարչապետին. ակցիա (տեսանյութ)
Կոնդ թաղամասի նախկին բնակիչներին հաջողվել է հանդիպել վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի հետ: Նրա առաջարկը բնակիչներին չի գոհացրել: Մհեր Կարախանյանը նշում է. «Մենք հարցրեցինք , որ այն գումարը, որը մեզ առաջարկում է, մենք կարողանո՞ւմ ենք տեղում բնակարան գնենք, ասում է՝ ոչ , ծայրամասում էլ չենք կարողանում գնել»։ Խորհրդականի հետ հանդիպման արդյունքից դժգոհ բնակիչները կառավարության դիմաց պահանջում էին հանդիպում հենց վարչապետի հետ: Նրա փոխարեն եկավ կառավարության դիմում-բողոքների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն առանց որևէ նոր առաջարկի: «Ա1+»-ին նա փոխանցեց հետևյալը. «Կոնդ թաղամասի բնակիչներին ընդունել են, բոլոր նախագծերից տեղեկացված են, իրենց հայտարարվել է, որ շինարարությունը առաջիկա ամիսներին վերսկսվելու է: Գիտե՞ք ինչ, 70 հոգի մարդ է եղել այնտեղ, ասենք մի 5 հոգի էլ ինչ-որ տարաձայնություն է ունեցել , հիմա հավաքված են, Կոնդ թաղմասը, ըստ էության, լուծված է»: Բնակիչներն այս խոստումներին էլ չեն հավատում: «Ոնց որ 10 տարի է՝ ինչ ասել են մեզ, նույն բառերը կրկնում են, ուրիշ ոչինչ չի փոխվում: Ուղղակի օդի մեջի նույն խոսակցությունը, հլը նոր որոշել են մի հատ նախագիծ գծենք, նոր որոշել ենք մի երեք հատ շենք կառուցենք, որոշել ենք չգիտեմ ինչ, այսինքն ոնց կարանք այսքան մարդ մի 10-20 տարի էլի սպասենք, որ մի բան որոշվի, շենք կառուցվի, որ մենք էլ տուն ստանանք»,- ասում է բնակիչներից մեկը։ Մեկ այլ բնակիչ՝ Նարինե Հովհաննիսյանը, նշում է. «Այսինքն՝ սա ինչ ա նշանակում, 10 տարի է՝ նախագիծ չունեն, հողն էլ ուրիշի սեփականությունն է, չգիտես, թե ումն է, հիմա նոր ասում են շինարարություն ենք սկսում, եթե նախագիծ չունեք, հող չունեք, ինչի՞ մասին է խոսքը, չեք ուզում, մեզ փոխհատուցում տվեք, գնանք մեր բնակարանները առնենք: Մեր պայմանագրերը վաճառում ենք վարչապետի վրա, ինչ եք ուզում»։ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում էին պահանջում նաև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել գլխավոր դատախազություն՝ տույժ-տուգանքները դատական կարգով ստանալու համար: Հենց այդ տուգանքներից, որոնցից հրաժարվել էին նախորդ տարի։ Իրենց դիմումը նաիրիտցիները դատախազություն կուղարկեն առաջիկայում։