Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովի ծառայակիցը չի ներկայանա դատարան, հարևանը՝ նույնպես. ՀՔԱՎ

Հասարակություն
permyakov-dat

2016 թվականի մայիսի 13-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասնութերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վ. Պերմյակովի ձերբակալման և ՌԴ Սահմանապահ զորքեր տեղափոխելու գործընթացին մասնակցած ոստիկանության աշխատակիցների տվյալները պարզելու և դատարան հրավիրելու վերաբերյալ, մերժվեց Դատարանի կողմից: Մերժվեց նաև Ա. Զալյանի միջնորդությունը՝ Ավետիսյանների բնակարանի անմիջական հարևաններին դատարան հրավիրելու վերաբերյալ, որով, մասնավորապես, միջնորդվել էր հրավիրել Ավետիսյանների բնակարանի դիմաց և անմիջական հարևանությամբ գտնվող տների բնակիչներին, ինչպես նաև Ավետիսյանների բնակարանի հակառակ ուղղությամբ գտնվող փողոցի երկու տան բնակիչներին (վերջին երկու տները Ավետիսյանների բնակարանին կից են): Վերոնշյալ անձինք, լինելով Ավետիսյանների անմիջական հարևանները, կարող էին գործի ելքի համար կարևոր տեղեկատվության տիրապետել, այն դեպքում, որ Ավետիսյանների բնակարանում ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիքից կատարվել է 28 կրակոց: Վերջիններս գործի քննության շրջանակներում երբևէ չեն հարցաքննվել և հայտնի չէ, թե գործի վերաբերյալ ինչ տեղեկատվության են տիրապետում: Վ. Պերմյակովի մյուս ծառայակիցները, որոնք հրավիրվել էին դատարան, այդ թվում՝ նրա անմիջական հրամանատար Ա. Նիկիշինը, համապատասխան գրություններով հրաժարվել էին ներկայանալ դատարան՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Վերջինիս նախաքննական ցուցմունքից պարզ է դառնում, որ Գյումրի տեղափոխվող զինծառայողների ընտրությունն առանձնապես խիստ ընթացակարգով տեղի չի ունեցել, ստուգվել են միայն նրանց փաստաթղթերը՝ անճշտություններից խուսափելու համար: Վ. Պերմյակովի առնչությամբ նշել է, որ վերջինիս վարքագծում որևէ արտառոց բան չի նկատել: Հրապարակվեցին նաև մյուս երկու զինծառայողների նախաքննական ցուցմունքները, որոնք ևս պնդել են, որ Վ. Պերմյակովը ոչնչով առանձնապես աչքի չի ընկել, սովորական վարքագիծ է դրսևորել: Հաջորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությամբ կհարցաքննվի գործով ներգրավված ևս մեկ վկա: Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. մայիսի 27-ին՝ ժամը 12:00-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ