Հենրիխ Մխիթարյանի Անգլիա տեղափոխվելու շանսը մեծացել է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, հայազգի ֆուտբոլիստը ակումբի ղեկավարության հետ համաձայնության չի եկել իր հետադարձ տրանսֆերի արժեքի հարցում: «Բորուսիան» կոնկրետ գին չի նշանակել ֆուտբոլիստի տրանսֆերը գնող ցանկացողների համար: Դա վկայում է այն մասին, որ գերմանական ակումբը ցանկանում է ազատ բանակցություններ վարել Հենրիխ Մխիթարյանին առաջարկ անող ակումբների հետ եւ հնարավորինս մեծ գումարով վաճառել նրան: Միաժամանակ «Բորուսիան» հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ խաղացողի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի ամռանը, որից հետո Հենրիխ Մխիթարյանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա: Այս լուրը քննարկման առարկա է դարձել նաեւ Անգլիայում: Պատճառն այն է, որ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» ներկայումս լրջորեն հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Բրիտանական լրատվամիջոցները կարծում են, որ գալիք ամռանը «Բորուսիան» հայ ֆուտբոլիստին կզիջի վերը նշված ակումբներից մեկին, որպեսզի գումար վաստակի նրա տեղափոխման համար: