Հայր ու որդի՝ միասին ռազմի դաշտում (տեսանյութ)
«Կորչի պատերազմը». այս բառերն է առաջինը արտաբերում Հայրենական մեծ պատերազմի վետերան, 92-ամյա Ավետիք Ասատրյանը, երբ հիշում է ռազմադաշտում անցկացրած իր տարիները: Միայն մի ցանկություն ունի, որ էլ ոչ մի պատերազմ աշխարհում չլինի:
19-ամյա տղան կամավոր է գնացել ճակատ: Նրա հայրն այդ ժամանակ արդեն ռազմի դաշտում էր: Հորը պատահմամբ է հանդիպել այնտեղ: Ճակատագրի բերումով հայրը հենց իր ձեռքերում է զոհվել: Այս դրվագների մասին հիշել Ավետիք Ասատրյանը չի սիրում՝ հուզվում է:
Հոր հետ հանդիպումից միայն միասնական նկարի պատմությունն է հիշում: Նկարվել են հայր ու որդի ՝ ուղարկել ընտանիքին, որ բոլորը հավատան՝ ամեն ինչ կարգին է: Պատերազմի մյուս դրվագներն արդեն լավ չի հիշում։
Ավետիք պապն ավելի երկար է ծառայել բանակում՝ 7 տարի: Ոչ մի վայրկյան չի զղջում ու հպարտությամբ է շեշտում, թե ինչ կարեւոր գործ է արել. «Իմ վայեննի գրքում գրած է՝ телеграфист первого класса»:
Ավետիք Ասատրյանը ծնունդով Նոյեմբերյանից է: Ամեն տարի մայիսի 9-ը հենց այնտեղ է անցկացնում, իր շքանշաններն ու կոստյումն էլ է այնտեղ պահում, թեեւ ներկայումս իր երեխաների հետ Երեւանում է բնակվում։
Վետերանը այսօր ուշի ուշով հետեւում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին: Վստահ է՝ մերոնք ինչպես 70 տարի առաջ, 25 տարի առաջ, այնպես էլ այսօր՝ անպարտ են:
