Մեզ անհրաժեշտ է լարային ռադիո. Բորիս Նավասարդյան
Ռադիոն իր սկզբնավորման օրից ուղղակի կապի միջոց էր, իսկ մայիսի յոթը նշվում էր որպես ռադիոյի միջազգային օր: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց նաեւ, որ արդեն 2011թ. Յունեսկոյի որոշմամբ՝ փետրվարի 13-ը նշվում է ռադիոյի՝ որպես լրատվամիջոցի համաշխարհային օր: Նա այն կարծիքին չէ, որ ռադիոն իր տեղը զիջում է հեռուստատեսությանն ու ինտերնետին. «Դա արդարացված չէ. ինտերնետը եւս բավականին լավ խողովակ է ռադիոյի համար: Ռադիոն չհնացող նշանակություն ունի մեր ժամանակաշրջանում: Մարդ չի կարող սահմանափակել տեղեկություններ ստանալու իր հնարավորությունը միայն կոնկրետ ժամերի թերթ կարդալով կամ հեռուստատեսություն նայելով. ինֆորմացիոն հոսքն այնքան արագ ու օպերատիվ է, որ օրվա ընթացքում մարդիկ ինֆորմացիա ստանալու կարիք ունեն»: Բորիս Նավասարդյանը կարծում է, որ ռադոն այսօր ավելի շատ պետք է որպես լրատվամիջոց ընկալվի, այլ ոչ որպես ժամանցային միջոց: Նա առանձնացրեց այն ժամանակահատվածները, երբ ռադիոյի դերը հատկապես կարեւոր է եղել. «1990-ականների սկիզբին, երբ լուրջ խնդիրներ ունեինք էլեկտրաէներգիայի հետ կապված, հատկապես այդ ժամանակ մեծ էր ռադիոյի դերը: Այն ժամանակ կար լարային ռադիո, որը, անկախ ամեն ինչից, աշխատում էր: Բացի այդ, ամբողջ աշխարհում ունենք տնային տնտեսուհիների խավ, որոնց ինֆորմացիոն հիմնական աղբյուրը ռադիոն է: Ռադիոյի կարեւորության հաջորդ փուլը 2007թ. էր, երբ որոշակի ճնշումներ սկսվեցին «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ: Դա բացասական ազդեցություն ունեցավ հասարակական-քաղաքական կյանքի վրա՝ սահմանափակ սփռում, ինչպես նաեւ՝ իշխանությունների կողմից փորձ էր արվում այլընտրանք առաջարկել «Ազատությանը»: Այլընտրանքն այն ժամանակ Հանրային ռադիոն էր, որն այդ ժամանակահատվածում իր լավագույն ամիսներն էր ապրում: Հանրային ռադիո հրավիրվեցին անգամ «Ազատության» որոշ աշխատակիցներ: Հանրային ռադիոն մեծ սփռում ու տարածում ստացավ»: Ինչ վերաբերում է այսօրվա ռադիոյի լեզվամտածողությանն ու որակին, ապա պարոն Նավասարդյանը նկատում է՝ ռադիոն լրատվության այն տեսակն է, որտեղ քսանհինգ տարվա ընթացքում կա կայուն իրավիճակ՝ որակի բարձրացում-իջեցում չկա. «Ռադիոժուռնալիստիկայի ավանդույթները պահպանված են այստեղ: Սա այն դեպքն է, երբ պահպանողականությունը օգնում է, երբ էքսպերիմենտների չես գնում: Ընդհանրապես, ռադիոն իր տեսակով կոնսերվատիվ է, որտեղ այս տարիների ընթացքում չեն ներթափանցել հայաստանյան ժուռնալիստիկայի բացասական դրսեւորումները»: Արդյոք մեր ժամանակներում անհրաժե՞շտ է ունենալ լարային ռադիո, Բորիս Նավասարդյանի պատասխանը միանշանակ է՝ այո. «Մեր երկիրը դեռ չի հասել նրան, որ պետք էր անջատել լարային ռադիոն, քանի որ կան ընտանիքներ, որոնց համար դա հաղորդակցության կարեւոր միջոց է աշխարհի հետ: Եւ, ի վերջո, ովքեր օգտվում են լարային ցանցով Հանրային ռադիոյի հաղորդումներից, հիմնականում անապահով խավն են, իսկ պետության պատճառաբանությունն այն է, թե չունի բավարար միջոցներ՝ պահելու լարային ցանց: