Զոհերի անուններով հրեշտակները բարձրացան երկինք (տեսանյութ)
Երեւանի թիվ 76 մանկապարտեզի սաները յուրահատուկ ձեւով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածներին:
Մանկապարտեզի բոլոր սաները, զինվորական շորեր հագած՝ կազմել էին Հայաստանի ու Արցախի քարտեզը: Իսկ ձեռքներին սպիտակ հրեշտակներ էին՝ զոհված մարտիկների անուններով։
«Այս փոքրիկները որ կանգնած են Հայաստանի ու Արցախի սահմաններին, ցույց են տալիս , որ իրենք էլ են պաշտպանում իրենց հայրենիքը, հենց այս երեխաներն են մեր ապագան, զինվորները զոհվեցին այս երեխաների խաղաղ ապագայի համար: Իսկ երեխաների թիկունքում կանգնած են ծնողները: Սա էլ խորհրդանշում է մեր երկրի հենասյունը: Նրանք մայրերն են, որ թիկունքից ուժ են տալիս ու սպասում իրենց զավակներին»,- նշեց թիվ 76 մանկապարտեզի տնօրեն Նուրիցա Շահբազյանը:
Երեխաները սահմանը ամուր պահելով՝ երգում էին մարտական երգեր: Իսկ վերջում նրանք բաց թողեցին իրենց ձեռքի հրեշտակներին: Քառօրյա պատերազմի զոհերի անուններով հրեշտակները բարձրացան երկինք,իսկ երեխաները մնացին՝ նրանց գործի շարունակողներ: