Ապրիլի 2-ին վիրավորված երեխան արդեն առանց հենակների է քայլում
Ապրիլի 2-ին թշնամու կողմից Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրում հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանն այսօր արդեն քայլել է առանց հենակների: Այս մասին «Ա1+»-ին ասաց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը: Ապրիլի 29-ին Գեւորգ Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից եւ քայլում էր հենակների օգնությամբ: Իսկ 12-ամյա Վարդան Անդրեասյանը դեռ գտնվում է հիվանդանոցում: «Արեւիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ թեեւ նրա առողջական վիճակը լավ է, սակայն նա դեռ հենակների օգնությամբ է քայլում եւ խնդիրներ են առաջանում: «Կհարմարվի, նոր դուրս կգրենք»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի ուղղությամբ թշնամու կողմից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով մահացել էր Վաղարշակ Գրիգորյանը, իսկ Վաղարշակի եղբայրը՝ Գեւորգը եւ նրա ընկերը՝ Վարդանը, վիրավորվել էին: