Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը»՝ Հայաստանի 2016 թվականի գավաթակիր

Սպորտ
gagik

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն այսուհետ կկրի Հայաստանի 2016 թվականի գավաթակրի տիտղոսը: Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոյի սաները ուժերը չափեցին «Միկայի» հետ, որը մարզում է ռուսաստանցի մասնագետ Սերգեյ Յուրանը: Ավաղ, գավաթային պայքար չստացվեց, քանի որ արդեն առաջին խաղակեսում «Միկայի» պաշտպանները երկու կոպիտ սխալ թույլ տվեցին եւ ակամայից օգնեցին մրցակցին գրավել դարպասը: Երկրորդ խաղակեսում «Բանանցի» ֆուտբոլիստները հիմնականում զբաղված էին սեփական դարպասի պաշտպանությամբ: Նրանք հաջողությամբ կատարեցին մարզչի տված հանձնարարականը: Արդյունքում, «Բանանցը» հաղթեց 2:0 հաշվով եւ նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր: Տիտո Ռամալյո. «Ինձ դուր եկավ խաղը: Մենք սպասում էինք, որ մրցակիցը սկզբում կպաշտպանվի մեծ ուժերով: Արդեն երրորդ րոպեին առավելություն ստացանք, ինչը բավականին մեզ օգնեց: Առաջին կեսում կարող էինք եւս 2-3 գոլ խփել եւ վճռել խաղի ելքը: Երկրորդ կեսը տիպիկ գավաթային ստացվեց, քանի որ մենք ձգտում էինք պահպանել հաշիվը, իսկ մրցակիցը՝ հավասարեցնել այն»: Սերգեյ Յուրան. «Առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է ավելի մեծ հնարավորություններ ունենալ: Թիմը ձգտում էր լավ խաղալ, բայց փորձը չբավարարեց: Երկու կոպիտ սխալներից հետո դժվար էր բեկում մտցնել, քանի որ «Բանանցն» ավելի որակյալ խաղացողներ ուներ իր տրամադրության տակ»: